13/01/2018 14:25
ԱՄՆ-ն Ադրբեջանին հորդորել է ազատել լրագրող Մուխթարլիին
ԱՄՆ-ն Ադրբեջանին հորդորել է ազատել լրագրող Աֆղան Մուխթարլիին, որը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, նշված է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ, փոխանցում է РИА Новости-ն:
«Միացյալ Նահանգները մտահոգված է, որ նախօրեին ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Ըստ հաղորդագրությունների՝ պարոն Մուխթարլին մայիսի 30-ին առևանգվել է Վրաստանում և հետագայում Ասդրբեջանում կալանավորվել մաքսանենգության ու դրա հետ կապված մեղադրանքներով, որոնք քաղաքականապես մոտիվացված են համարվում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Այս կապակցությամբ ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատել պարոն Մուխթարլիին և բոլոր նրանց, որոնց բանտ են նստեցրել իրենց հիմնարար ազատություններն իրականացնելու համար»:
«Մենք շարունակում ենք ուշադիր հետևել առեւանգման հաղորդումների վերաբերյալ վրացական քննությանը և կրկին կոչ ենք անում, որ այն լիակատար, թափանցիկ և օպերատիվ լինի», - հավելել են ամերիկացի դիվանագետները:
Ավելի վաղ ԱՊԱ գործակալությունը հայտնել էր, որ Ադրբեջանի Բալաքենսկի շրջանային դատարանը ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիին դատապարտել է 6 տարվա ազատազրկման, որը ձերբակալվել էր Վրաստանի սահմանին, և որի «անհետացումը» Թբիլիսիից սկանդալ էր առաջացրել: