15/01/2018 18:56
Հռոմի պապը խոստովանել է, որ լրջորեն երկյուղում է միջուկային պատերազմի սկսվելու հնարավորությունից
Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոստովանել է, որ լրջորեն երկյուղում է միջուկային պատերազմի սկսվելու հնարավորությունից, հայտնում է РИА Новости-ն:
«Այո, ես իրոք վախենում եմ: Մենք հայտնվել ենք սահմանագծին: Մեկ միջադեպն իսկ բավական է, որ պատերազմն սկսվի: Եվ նման քայլից հետո իրադրությունը կարող է անվերահսկելի դառնալ: Ուստի անհրաժեշտ է ոչնչացնել զենքը, ջանքեր գործադրել միջուկային զինաթափման համար», - երկուշաբթի հայտարարել է քահանայապետը՝ լրագրողների հետ շփվելով Հռոմից Սանտյագո մեկնող ինքնաթիռում:
Երկուշաբթի առավոտյան Ֆրանցիսկոս պապը Հռոմից մեկնել է Սանտյագո՝ սկսելով իր 22-րդ արտասահմանյան առաքելական ուղեւորությունը, որի ընթացքում նա կայցելի Չիլի և Պերու: Վատիկան Հռոմի պապի վերադարձը պլանավորված է հունվարի 22-ին: