15/01/2018 14:54
Թրամփն իրեն ռասիստ չի համարում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի կրկին հայտարարել է, որ երրորդ աշխարհի երկրների հասցեին վիրավորական արտահայտություններ չի կատարել և իրեն ռասիստ չի համարում, փոխանցում է РИА Новости-ն:
Սկանդալը բռնկվել էր այն բանից հետո, երբ լրատվամիջոցները հայտնել էին, որ սենատորների հետ ներգաղթի հարցերով խորհրդակցության ժամանակ Թրամփը երրորդ աշխարհի երկրները «կեղտոտ» էր անվանել (shithole՝ թարգմանության տարբերակներից մեկն է «գարշահոտ խորշ»): Մասնավորապես՝ նա իբր հիշատակել էր Հաիթին, Սալվադորը և աֆրիկյան մի շարք երկրներ: Թրամփն ավելի ուշ հայտարարել էր, որ նման բառեր չի օգտագործել, մինչդեռ նախագահի հակառակորդ և կողմնակից մի քանի սենատորներ տրամագծորեն հակառակ հայտարարություններով են հանդես եկել՝ ասելով, որ նա նման արտահայտություններ է թույլ տվել:
«Ո՛չ, ես ռասիստ չեմ: Ես ամենաքիչ ռասիստական անձնավորությունն եմ, որից դուք հարցազրույց եք վերցրել», - լրագրողներին ասել է Թրամփը՝ նշելով, որ Սպիտակ տանը խորհրդակցության ժամանակ ինքը վիրավորական դիտողություններ չի արել: