15/01/2018 16:46
Աֆղանստանի նախագահ. կես տարի էլ չենք դիմանա առանց ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող աջակցության
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին խոստովանել է, որ իր երկիրը կես տարի էլ չի դիմանա առանց ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող աջակցության: Այս մասին նա պատմել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, որը հեռարձակվել է կիրակի, փոխանցում է ТАСС-ը:
Նախագահին հարցրել են, թե ինքը համաձայն է արդյոք այն պնդմանը, որ եթե ԱՄՆ-ը հեռանա հանրապետությունից, իր «կառավարությունը երեք օր հետո կկործանվի»:
«Պաշարների տեսակետից դա բացարձակապես ճիշտ է: Մենք ի վիճակի չենք լինի վեց ամիս պահել մեր բանակն առանց ամերիկյան աջակցության և ներուժի», - նշել է Ղանին:
ԱՄՆ-ը, հեռուստաալիքի տվյալով՝ 90 տոկոսով ծածկում է Աֆղանստանի պաշտպանական բյուջեի ծախսերը, ինչն արտահայտվում է ավելի քան 4 միլիարդ դոլար գումարի ամենամյա ռազմական օգնությամբ:
Եվս 30 միլիարդ դոլար է ծախսվել հանրապետության վերականգնման համար:
«Այդ երկրում գործում է 21 միջազգային ահաբեկչական խմբավորում: Ուղարկվում են տասնյակ մահապարտ-ահաբեկիչներ: Կան մի ամբողջ շարք «մահապարտների ֆաբրիկաներ»: Մենք պաշարման մեջ ենք», - ասել է Ղանին: