15/01/2018 16:51
Փոխնախարարը պարզաբանել է, թե որ դեպքում հանրային տրանսպորտի գները կթանկանան
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը խորհրդարանում հետաքրքրվեց Տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Գագիկ Գրիգորյանից, թե ինչպես է ազդելու սեղմված գազի թանկացումը տրանսպորտի գնի վրա։
«Ի՞նչ հստակ կանխատեսում ունի նախարարությունը։ Ի՞նչ տեղաշարժի կհանգեցնի սեղմված գազի թանկացումը», - հետաքրքրվեց Մելքումյանը։
Գագիկ Գրիգորյանն էլ նշեց, որ թանկացումները նոր են ու նախարարությունը դեռևս չունի հստակ պատասխան, ընթանում են քննարկումներ։
«Ուսումնասիրություններ ենք անցկացնում։ Գների վրա դրա ազդեցության չափը կախված կլինի նրանից, թե մինչև հիմա գործող գները ինչքանո՞վ են վերադարձնում ներդրողի կամ փոխադրողի ծախսերը։ Եթե դրանք զրոյի մակարդակում են գտնվում, ապա գները կունենան բարձրանալու տենդենց, եթե ոչ, ապա նման տենդենց չի լինի», - նշեց փոխնախարարը։
Վերջինս նաև հավելեց, որ տաքսիների գնի վրա դժվար թե թանկացումները ունենան ազդեցություն. «Տաքսին մեզանում հանրային տրանսպորտի փոքր մասն է և մատուցում է հանրային տրանսպորտի սպասարկման ծառայություն, բայց չեմ կարծում, որ գների թանկացում տեղի ունենա»։
Ինչ վերաբերում է հանրային տրանսպորտի գների թանկացմանը, ապա փոխնախարարը նշեց, որ այս մասով այսօր մի քանի խոշոր փոխադրողների հետ նախարարությունը քննարկում է կազմակերպել։