15/01/2018 18:01
Քննչական կոմիտեն հերքում է, որ Արաբկիրի քննչական բաժնի պետի հայրը կապ ունի «Ճվճվ Արոյի» որդիների պապու հետ
Քննչական կոմիտեն հերքում է տարածված տեղեկություններն այն մասին, որ Արաբկիրի քննչական բաժնի պետ Տիգրան Թամամյանի հայրը՝ Սպարտակ Թամամյանն աշխատում է Սերժ և Սարգիս Վարդանյանների («Ճվճվ Արոյի» որդիներն են) պապու՝ Նիկոլայ Գաբրիելյանի ընկերությունում՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ում։
«Չկա նման տեղեկություն։ Դա ակնհայտ հերյուրանք է, որ մտացածին դրվել է շրջանառության մեջ։ Տիգրան Թամամյանի հայրը արդեն երկար տարիներ ընդհանրապես չի աշխատում», - Aysor.am-ին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։
Նշենք, որ «Ճվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի որդիների՝ Սերժ և Սարգիս Վարդանյանների վերաբերյալ քրեական գործերի շրջանակներում տեղեկություններ էին տարածվել, թե Քննչական կոմիտեն հովանավորչություն է ցուցաբերել մասնավորապես, Սերժ Սարգսյանի մասով, քանի որ Արաբկիրի քննչական բաժնի պետի՝ Տիգրան Թամամյանի հայրը՝ Սպարտակ Թամամյանը, աշխատում է «ՏրանսԳազ» ՍՊԸ-ում, որի տնօրենը «Ճվճվ Արոյի» որդիների պապն է: Նկատենք նաև, որ այսօր ՔԿ փոխնախագահ Արթուր Ղամբարյանը լրագրողներին ասել էր, որ «Ճվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի որդիների՝ Սերժ և Սարգիս Վարդանյանների գործերով Քննչական կոմիտեի կողմից հովանավորչություն չի եղել։
«Քննչական կոմիտեն որևէ մեկին չի հովանավորում։ Քննչական կոմիտեն կատարում է Սահմանադրությամբ նախատեսված իր գործառույթները», - ասել էր նա։