16/01/2018 13:30
«Ելք»-ն առաջարկում է խստացնել անձանց մուտքը խաղատներ
«Ելք» խմբակցությունը առաջարկում է խաղատներ մուտքը թույլատրել միայն անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում։
«Գործող օրենքով մինչև 21 տարեկանները իրավունք չունեն խաղատուն մտնել, բայց որևէ ընթացակարգ չկա, որ տարածքը որևէ մեկի կողմից հսկվում է», - ԱԺ-ում ներկայացնելով «Ելք»-ի առաջարակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի ժամանակ՝ ասաց հարցով հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը։
Հաջորդ առաջարկությունը վերաբերում է մոլի խաղացողների մուտքը խաղատներ սահմանափակելուն։ Առաջարկվում է մոլի խաղերով հրապուրվելու պատճառով սահմանափակ գործունակ դարձած անձի՝ խաղատուն այցելելու հնարավորությունները սահմանափակել, ինչպես նաև արգելել դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձանց մուտքը խաղատուն։
Էդմոն Մարուքյանը նաև նշեց, որ իրենք առաջարկել են նաև որպես փոփոխություն օրենքում ամրագրել ինքնաարգելանքի մեխանիզմը՝ այսինքն, եթե անձը զգում է, որ կախվածություն ունի խաղատներից, կարող է գրություն տալ ու արգելել խաղատներին թույլատրել իրեն մուտք գործել այնտեղ։ Մարուքյանի խոսքով՝ կառավարությունը հավանություն չի տվել առաջարկին, որը ներկայացվող նախագծում տեղ չի գտել։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե որն է պատճառը, որ կառավարությունը հերքել է այդ առաջարկը՝ հաշվի առնելով, որ խաղատներից կախվածությունը հիվանդություն է համարվում։
«Իրենք պնդում էին, որ քաղաքացիական օրենսգիրքը նման հնարավորություն չի տալիս, որ անձն ինքն իրեն սահմանափակ գործունակ ճանաչի, բանց մենք չենք ասում, որ անձն առհասարակ է իրեն սահմանափակ գործունակ ճանաչում, դա վերաբերում է միայն խաղատներին։ Ես նաև առաջարկել եմ քաղօրենսգրքում նման փոփոխություն կատարել։ Եկանք կոմպրոմիսի, որ հիմա այս նախագիծը բերենք, որով մինչև 21 տարեկան անձանց շահերը կպաշտպանենք, մնացածին հետո կանդրադառնանք», - նշեց Մարուքյանը։