16/01/2018 15:39
Յակուտիայում ցրտերի պատճառով հարյուրից ավելի դպրոց է փակվել
Յակուտիայի 13 շրջանի հարյուրից ավելի դպրոցներում ուսումնական գործընթացը սահմանափակված է օդի ցածր ջերմաստիճանի պատճառով, РИА Новости-ին հայտնել է հանրապետության արտակարգ ծառայությունների մի աղբյուր:
Յակուտիայի հիդրոօդերևութաբանական ծառայության վարչության տվյալով՝ նախօրեին տարածաշրջանի մի քանի շրջանում օդի ջերմաստիճանը ցած է ընկել մինուս 50 աստիճանից: Օրինակ, Օյմյակոնում և Դեպուտատսկի ավանում եղել է մինուս 53 աստիճան, Ուստ Ներում՝ մինուս 54, Բատագայում՝ մինուս 55, Վերխոյանսկում՝ մինուս 56 աստիճան: Հանրապետության մայրաքաղաք Յակուտսկում գրանցվել է մինուս 39 աստիճան:
«Օդի ջերմաստիճանի նվազման կապակցությամբ ուսումնական գործընթացը սահմանափակված է Յակուտիայի 13 շրջանում: Ընդհանուր առմամբ, պարապմունքները դադարեցված են 107 դպրոցում, որտեղ սովորում է 9,6 հազարից ավելի երեխա», - ասել է գործակալության զրուցակիցը: