16/01/2018 11:31
Լավ է ուշ, քան երբեք. Տնտեսագետը լավատես է՝ գնաճի վերաբերյալ ԱԺ լսումները կունենան կոնստրուկտիվ, փաստարկված վարքագծի տեսք
Ինովացիոն և ինստիտուցիոնալ կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը գտնում է, որ հանրային ճնշումը անհրաժեշտ է ցանկացած կառավարության վրա։
«Հաշվետվողականությունը և պատասխանատվությունը ցանկացած կառավարության վարքագծի գլխավոր ատրիբուտը պետք է լինի», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ատոմ Մարգարյանն՝ անդրադառնալով ընդդեմ թանկացումների իրականացվելիք երթին։
Տնտեսագետն ընդգծեց՝ շատ հետաքրքիր է, թե հանրային տրամադրությունները, հանրային հետաքրքրություններն ու ակտիվությունը իրենց իսկ վերաբերող հարցի շուրջ ինչպիսինն են։
«Այդ գնաճը, որի մասին այսքան խոսվում է, իսկապես, այդքան զգայուն անդրադառնում է մարդկանց կամ ընտանիքների սպառողական բյուջեի վրա: Շատ հետաքրքիր է, թե ինչպիսին է արձագանքը», - նշեց նա։
Ինչ վերաբերում է հրավիրված խորհրդարանական լսումներին՝ տնտեսագետն ընդգծեց, որ ցանկացած որոշում ընդունելուց առաջ Ազգային ժողովը պետք է կազմակերպի քննարկումներ ու լսումներ։
«Բոլոր հարթակներում ընթացող դիսկուրսը շատ օգտակար է ու լավ կլիներ, երբ որ Մաքսային օրենսգիրքն այդպես ափալ-թափալ ընդունում էին, մինչև այդ քննարկումներ կազմակերպվեին ու լուրջ քննարկումներ, ոչ թե ձևական, փոքրաթիվ մարդկանց ներգրավմամբ քննարկումները, որ եղել է։ Բոլոր դեպքերում՝ լավ է ուշ, քան երբեք: Այդ քննարկումները կարևոր են ոչ միայն բանավեճի կամ «գալոչկայի» համար, այլ որպեսզի դրանց հետևեն որոշումներ կամ ընդունված որոշումների վերանայումներ», - նշեց Ա. Մարգարյանը։
Նա խոսքով՝ դեռևս վաղ է խոսել ազդեցությունների մասին, բայց, բոլոր դեպքերում, օգտակար է թե՛ մեկը, թե՛ մյուսը։
«Բոլոր շահառուները, բոլոր տնային տնտեսությունները, բիզնեսը պետք է իրենց ներկայացուցիչների միջոցով քննակումների հարթակի շուրջ, տվյալ դեպքում, խորհրդարանի ամբիոնից բերեն իրենց փաստարկներն ու արգումենտները, հիմնավորեն, հերքեն ու կոնսենսուսի գան», - ասաց Ինովացիոն և ինստիտուցիոնալ կենտրոնի ղեկավարը։
Ատոմ Մարգարյանը նշեց, թե մարդկանց հանրային ակտիվությունը սահմանադրորեն նախատեսված նորմ է։
«Մարդիկ եթե չբողոքեն, ցանկացած իշխանություն, ցանկացած կառավարություն գործելու է, այսպես ասած, կացնի նման, բայց ես կարծում եմ, որ սա այն հարցն է, որը պահանջում է սղոցի նման գործել՝ մեկ դեպի ինձ, մեկ դեպի քեզ սկզբունքով: Այնպես որ՝ տեսնենք, ես լավատես եմ, որ ընթացքները կտեղավորվեն սահմանադրականության շրջանակներում, այսինքն՝ ելույթները չեն վերածվի ծայրահեղ ինչ-որ դրսևորումների, դրանք կունենան կոնստրուկտիվ, փաստարկված, հիմնավորված վարքագծի տեսք», - ասաց Ատոմ Մարգարյանը։
Հիշեցնենք՝ հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում «Առանձին ապարանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու լուծումներ» թեմայով խորհրդարանական լսումներ կանցկացվեն, իսկ հունվարի 19-ին էլ ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունն, ընդդեմ թանկացումների, երթ կանցկացնի Երևանում: