16/01/2018 14:20
Եթե մարդիկ հիմա էլ դուրս չգան, մի ամիս հետո հաստատ դուրս են գալու փողոց. Արամ Սարգյան
«Ելք»-ի նախատեսած երթը չի հրահրվում իշխանափոխության պահանջ դնելու համար, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։
«Երթը հստակ խնդիր ունի։ Կանխատեսելու խնդիր չեմ տեսնում, թե ինչքան մարդ կմասնակցի։ Վստահ եմ, որ հայ քաղաքական իրականության մեջ թե՛ էլեկտրիկ Երևանի ժամանակ, թե՛ տրանսպորտի գների թանկացման, հանրությունը փողոց դուրս եկավ, հետևաբար նաև տնտեսկան վեճերի ժամանակ մարդը փողոց է դուրս գալիս։ Երբ խնդիրը հասնում է գրպանին, մարդ իր գրպանի վրա զգում է այդ բեռը, ինքը փողոց է դուրս գալիս։ Հիմա հասե՞լ է այդ բեռն իր գրպանին, թե՞ չէ, դժվարանում եմ ասել, բայց եթե հիմա էլ դուրս չգան, մի ամիս հետո հաստատ դուրս են գալու», - նշեց Արամ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ եթե «Ելք»-ն ունենա հանրության աջակցությունը, ապա կարող է Հարկային նոր օրենքը հետողորմյա անել։ Սարգսյանն ընդգծեց, որ այս ամենի արդյունքն են արտագաղթն ու բողոքի ալիքները, իսկ իշխանությունն ասում է, որ պատերազմող երկիր ենք ու բյուջեն պետք է լցնի, մինչդեռ «Ելք»-ը բազմիցս նշմարել է այն աղբյուրները, որոնցից կարելի է բյուջեն լցնել։
Դիտարկմանը, թե «Ծառուկյան» դաշինքը պնդում է, որ սեպտեմբերին իրենք այս թեմայով խորհրդակցություն են անցկացրել, առաջարկներ ներկայացրել, մինչդեռ ոչ մի քաղաքական ուժի, այդ թվում՝ «Ելք»-ի կողմից աջակցություն չեն ստացել, ինչո՞ւ չի ստացվում ընդդիմադիր գործընկների հետ աշխատանքը, Արամ Սարգսյանը նշեց.
«Ցանկացած հարց, որը մենք համարել ենք կարևոր, կարողացել ենք արտահերթ ճանապարհով օրակարգային հարց դարձնել։ «Ծառուկյան» դաշինքը դեռ նման արտահերթեր չի կազմակերպել։ Ինչ վերաբերում է թանկացումների մասով կանխատեսումներ անելուն, վստահաբար ասում եմ՝ այդ մասին առաջինը «Ելք» դաշինքն է խոսել, և իրենց բերած գրեթե բոլոր օրինագծերին «Ելք» դաշինքը կողմ է քվեարկել։ Այնպես որ, այստեղ չհասկացվածության խնդիր կա։ Այլ խնդիր է, որ մենք ԱԺ նախագահ ենք առաջադրել, իրենք չեն քվեարկել մեր օգտին, այլ խնդիր է, որ մենք որպես նախագահի այլընտրանքային թեկնածու ենք առաջադրել, իրենք չեն ուզում նույնիսկ այդ քննարկումը լինի։ Ես չեմ ուզում մտնել բանավեճի դաշտ «Ծառուկյան» դաշինքի հետ մի պարզ պատճառով, որ դա ուրախացնելու է Հանրապետականին ու Դաշնակցությանը, և իրենք համապատասխան պահին այդ պատճառով իջնելու են մեր բերանին, թե չէ հակառակ դեպքում արգումենտներ շատ կան»։
Անդրադառնալով հարցին, թե «Ելք»-ը չի մասնակցի ԱԺ-ում թանկացումների վերաբերյալ հաջորդ շաբաթ կազմակերպվելիք լսումներին՝ Արամ Սարգսյանն ընդգծեց, որ «Ելք»-ը չի հայտարարել, որ չի մասնակցելու լսումներին.
«Մենք քաղաքական ցանկացած ամբիոն օգտագործում ենք։ Մենք հստակ գիտեինք, ԱԺ նախագահի թեկնածու առաջադրելով, որ թեկնածուն չի անցնելու կամ մեր նախագահի թեկնածուն, որին առաջարկում ենք, այդքան քվե չունենք, որ անցնի, բայց մենք դրանով ներկայացնում ենք մեր պլատֆորմը, ստեղծում ենք ալտերնատիվ ու ցույց տալիս, թե ինչպես է հնարավոր այս երկիրն այս վիճակից հանել։ Գործող իշխանությունը փոխանակ ուրախանա դրանից, ընդհակառակը՝ սվիներով է սա ընդունում, որովհետև քաղաքական բանավեճում ինքը պարտվում է»։