16/01/2018 17:30
Աջ ղեկով ավտոմեքենաների արգելքի մասին կառավարության որոշումը որոշ անձանց շահերից է բխում. Գևորգ Պետրոսյան
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անհիմն է համարում կառավարության այն հիմնավորումը, որ աջ ղեկով մեքենաներով երթևեկումը սպառնում է մարդկանց առողջությանը։
«Հարգելի կառավարություն, եթե դա այդպես է, ուրեմն ընդհանրապես աջ ղեկով մեքենաների շահագործումը պետք է արգելվի։ Սա մոտավորապես նման է այն վարքագծին, որ, ենթադրենք, օրերից մի օր հայտնաբերեցին՝ ասպիրինը կամ անալգինը վտանգավոր են մարդու կյանքի համար, հաջորդ ամսվա համար արգելեն դրանց ներկրումը, բայց ասեն՝ ժողովրդի այն մասը, որն առել է այդ դեղերը, թող օգտագործի», - նշեց պատագմավորը։
Վերջինս կոչ արեց կառավարությանը նման կարևոր նախագծերի ընդունումից առաջ իրականացնել հանրային իրազեկում. «Ցավոք, կառավարությունը նորից պախկվոցի խաղալու վարքագիծ հիշեցնող մարտավարությամբ հանդես եկավ և մինչև վերջին պահը հանրությունից թաքցրեց այդ որոշումը, ապա սղղացնելով նորից անցկացրեց այդ որոշումը կառավարության նիստում», - հավելեց պատգամավորը։
Գևորգ Պետրոսյանն ընդգծեց, որ կառավարության նման որոշումը ոչ թե ազգաբնակչության կյանքը ապահովագրելու նպատակ է հետապնդում, այլ որոշ խմբի կամ անձանց շահերի համար է: