16/01/2018 16:50
Հոսպիտալացված է սուր շնչառական վարակով շուրջ 700 հիվանդ, 94 տոկոսը 0-4 տարեկան երեխա է. ԱՆ պաշտոնյա
Ստացիոնար կազմակերպություններում դեռևս շարունակվում է մանկահասակ երեխաների ընդունելությունը, այս պահի դրությամբ հանրապետության բոլոր ստացիոնար բուժհաստատություններում հոսպիտալացված է սուր շնչառական վարակով շուրջ 700 հիվանդ, Ազատություն ռադիոկայանի եթերում ասաց առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը։
«Հոսպիտալացվածների շուրջ 21 տոկոսը հիվանդ է թոքաբորբով », - ասաց Լիանա Թորոսյանը։
Ինչ վերաբերում է շրջանառվող հարուցիչներին, Լիանա Թորոսյանն ասաց, որ ԱՀԿ տրամադրած լաբորատոր հետազոտությունների 65 տոկոս արդյունքներով եվրոպական տարածաշրջանում տարածված է գրիպի B տեսակը։
«Ամենածանրն A տեսակն է։ Այս հարուցիչները մշտապես շրջանառում են բնության մեջ և ակտիվանում են՝ պայմանավորված եղանակային պայմաններով։ Այս ամենի նկատմամբ առավել խոցելի են դառնում երեխաները, մասանավորապես, 0-2 տարեկանները», - նշեց մասնագետը։
Լիանա Թորոսյանն ասաց նաև, որ հոսպիտալացված հիվանդների 94 տոկոսը 0-4 տարեկան երեխաներն են: