16/01/2018 20:03
Նախագահը Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը. Լուսանկարներ
Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանին Հայրենիքի շքանշանի հանձնման և մեծարման հանդիսավոր արարողությունը, հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Հայաստանն աշխարհին ներկայացնելու ազգանվեր գործում դրսևորած անմնացորդ նվիրումի, մշակույթի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի, ինչպես նաև հայ ժողովրդին մատուցած բացառիկ ծառայությունների համար ՀՀ բարձրագույն կոչմանն արժանացած անվանի մտավորականին հանձնելով Հայրենիքի շքանշանը՝ Հանրապետության Նախագահը շնորհավորել և ամբողջ հայ ժողովրդի անունից մաղթել է քաջառողջություն ու նորանոր հաջողություններ նրա շնորհակալ գործում:
Պարգևատրման արարողության ժամանակ Նախագահ Սարգսյանն իր շնորհավորական խոսքն է հղել ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին:
«Այսօր մենք մեծարում ենք Հովհաննես Չեքիջյանին, ով արժանացավ Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչման և ում այսօր պատիվ ունեմ հանձնելու Հայրենիքի շքանշանը: Սա բարեբախտություն է ինձ համար և վստահ եմ՝ բոլորի համար, քանի որ մեզ վիճակվել է լինել Հովհաննես Չեքիջյանի ժամանակակիցը:
Դժվար է ներկայացնել մաեստրո Հովհաննես Չեքիջյանին, քանի որ գրեթե անհնար է բացատրել այն հսկայական էներգիան, որ առկա է այս ազնիվ մտավորականի մեջ: Այդ էներգիան, որ շռայլորեն և անսպառ կերպով բաշխում է իր շրջապատին, բխում է նրանից արդեն տասնամյակներ շարունակ: Այդ էներգիան բխում է՝ իր շուրջը տարածելով բարին ու գեղեցիկը, մարդկայինն ու հավերժականը, այն լավագույնը, որ ազգային է և միաժամանակ համամարդկային», - ասել է նախագահը:
Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը երախտագիտություն է հայտնել իրեն նման բարձր պարգևի արժանացնելու համար և ընդգծել, որ այն կկրի սիրով, հպարտությամբ և մեծ պատասխանատվությամբ:
«Սիրտս լցված է ուրախությամբ: Անբացատրելի բան է սա: Առաջին անգամ է, որ երկրի ամենաբարձր պարգևին արժանանում եմ շնորհիվ մեր սիրելի Նախագահի, ով ինձ պարգևեց այս անակնկալը: Անակնկալ եղավ ինձ համար, երբ դեկտեմբերի 30-ին մենք ճանապարհում էինք 2017 թվականը, Նախագահն ինքը հնչեցրեց, որ ստորագրել է հրաման: Չհասկացա ինչ կատարվեց ինձ հետ՝ սիրտս պայթեց, թե՞ չպայթեց, չտեսնված մի ուրախություն եղավ:
Այո՛, երկար ու ձիգ տարիներ՝ մի քանի տասնյակ տարի այս խմբի հետ աշխատել եմ, իզուր չի եղել իմ աշխատանքը: Աշխարհի շատ կենտրոններում մենք խոշոր հաջողություններ ենք ունեցել, բայց ոչ մի անգամ իմ մտքով չէր անցնի, որ մի օր այսպիսի բարձր պարգևի կարժանանամ: Տարիքս բավականին առաջացած է, բայց ինչպես տեսնում եք, կարծես, այնքան էլ ծեր չեմ: Թեև զառամյալ ծերունու տարիք ունեմ, բայց ինքս այդպիսին չեմ», - ասել է մաեստրո Հովհաննես Չեքիջյանը: