16/01/2018 14:41
Հունաստանի խորհրդարանը հաստատել է բարեփոխումների փաթեթը
Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել Էներգետիկայի ոլորտի, աշխատանքային օրենսդրության և բյուջետային քաղաքականության բարեփոխումների փաթեթին, դա Հունաստանին միջոցների հերթական չափաբաժնի հատկացման պայմանն էր երկրին միջազգային ֆինանսական օգնության ավարտվող ծրագրի շրջանակներում, հայտնում է «Интерфакс»-ը:
Եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարները, ինչպես սպասվում է, Հունաստանին վարկաբաժնի հատկացմանը հավանություն կտան հունվարի 22-ի հանդիպմանը: Դրանից հետո Հունաստանը, 86 մլրդ եվրո ընդհանուր ծավալով գործող ծրագիրն ավարտելու համար, մինչև տարեվերջ պետք է դրա պայմանների կատարման ևս մեկ ստուգում անցնի:
Նախօրեին խորհրդարանում քվեարկությունն անցել է Աթենքում և Հունաստանի այլ քաղաքներում խիստ խնայողության նոր միջոցների դեմ բողոքի զանգվածային ակցիաների պայմաններում: Հունաստանն արդեն ութ տարի ԵՄ-ի և Արժույթի միջազգային հիմնադրամի օգնությունն է ստանում խորը ճգնաժամի հաղթահարման համար: