16/01/2018 15:21
Մարուքյանը հույսը չի կտրել. «Ծառուկյանի» պատգամավորները հնարավոր է սատարեն նախագահի իրենց թեկնածուին
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը դեռ հույս ունի, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները կմիանան իրենց ու կսատարեն նախագահի իրենց թեկնածուին:
«Դա «Ծառուկյան» խմբակցության գործն է ում կուզեն, կսատարեն: Մենք ունենք նախագահի թեկնածու, առաջարկել ենք առաջադրել, եթե «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները միանան, դեռևս ժամանակ կա, 26 ստորագրություն է պետք, մենք կունենանք նախագահի թեկնածու, որը կլինի այլընտրանքային: Եթե դա տեղի չունենա, ապա առաջին փուլով նախագահի ընտրությունը կավարտվի», - այսօր Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պատգամավորը:
Լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք սխալ ընտրություն չէր արել Ելքը և սխալ դաշնակցից էր սատարում ակնկալում, Մարուքյանը պատասխանեց, որ իրենք օգտվել են խորհրդարանական մեխանիզմներից, և որպես ընդդիմադիր խմբակցություն, ունեն տարբեր առաջարկություններ` դիմելու Սահմանադրական դատարան և այլ նախաձեռնություններ, որի համար հարկավոր են ստորագրություններ։ «Մենք սխալ հաշվարկ չենք արել», - հավելեց խորհրդարանականը:
«Եթե իրենք ունեին թեկնածու, ես կարծում եմ, կարող էին ասել` եթե դուք Արտակ Զեյնալյանին եք առաջադրել, բայց մենք ունենք թեկնածու, որն այսինչ այսինչյանն է, մենք կարող է քննարկում էինք, ասում էինք` ձեր թեկնածուն ավելի լավ շանս ունի և կպաշտպանեինք իրեն: Բայց չի եղել նման առաջարկ: Իրենք ասել են` մենք թեկնածու չունենք, ձեր թեկնածուին էլ չենք աջակցում, որ առաջադրվի, այսօր էլ ասում են, որ չի բացառվում, որ ՀՀԿ թեկնածուին աջակցեն: Կարծում եմ` մեկնաբանության տեղ էլ չկա, ամեն ինչ շատ պարզ է», - եզրափակեց խոսքը «Ելք»-ի պատգամավորը։