16/01/2018 17:38
Մեդվեդևը հայտարարել է ահաբեկիչների կողմից կիբերզենքի օգտագործման վտանգի աճի մասին
Տեղեկատվական համակարգերի աճող բարդությունը մեծացնում է ահաբեկիչների կողմից կիբերզենքի օգտագործման վտանգը, ինչի կապակցությամբ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը բոլոր երկրներին կոչ է արել ակտիվացնել թվային տիրույթում անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը, փոխանցում է Vesti.ru-ն:
Ելույթ ունենալով Գայդարյան ֆորումի ժամանակ` ՌԴ վարչապետը նշել է, որ տեղեկատվական համակարգերում նույնիսկ փոքր անսարքությունները կարող են հանգեցնել լայնամասշտաբ կորուստների:
«Ի տարբերություն մարտական ավիացիայի, սուզանավային նավատորմի և հրթիռամիջուկային զենքի՝ կիբերզենքը մասշտաբային արդյունաբերական բազա չի պահանջում, հետևաբար, ահաբեկչական կազմակերպությունների կողմից դրա օգտագործման ռիսկը բազմապատկվում է», - նշել է Մեդվեդևը:
Նրա խոսքով՝ նոր պայմաններում թվային տիրույթում անվտանգության ապահովման համար բոլոր երկրներից ավելի մեծ ջանքեր և պետությունների միջև ավելի սերտ համաձայնեցվածություն է պահանջվում: