16/01/2018 11:24
Յուրաքանչյուր կուսակցություն իր դիրքորոշումն է հայտնել քննարկվող հարցերի շուրջ. Գագիկ Ծառուկյանը՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին
Խորհրդրանում լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև նախորդ շաբաթ Սերժ Սարգսյանի մոտ Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ հանդիպմանը, որին մասնակցել էր նաև ինքը։
«Եթե լիներ պատգամավորների հետ հանդիպում, Սերժ Սարգսյանը կգար Ազգային ժողով, նա հրավիրել էր խմբակցության ղեկավարներին և հանձնաժողովների նախագահներին։ Եթե տեղեկացված չեք, տեղեկացնեմ», - ասաց նա՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու էր «Ծառուկյան» խմբակցությունը ընդունել հրավերը։
Ծառուկյանը նաև նկատեց, որ հանդիպման ժամանակ յուրաքանչյուր կուսակցություն իր դիրքորոշումն է հայտնել քննարկվող հարցերի շուրջ։
«Հանրապետականն իր տեսակետն է ասել, Դաշնակցությունն իր, Բարգավաճ Հայաստանն էլ իր տեսակետն է արտահայտել», - նշեց նա։
Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցությունը հայտարարել էր, որ մերժում է Սերժ Սարգսյանի հրավերը և չի մասնակցելու Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ անցկացվող հանդիպմանը։