16/01/2018 15:27
12-13 տարեկան երեխան հազիվ ոտքի թաթերի վրա կանգնում է ու խաղային ապարատներով խաղադրույք կատարում. Նաիրա Զոհրաբյան
«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվում է նաև վիճակախաղերին մասնակցություն թույլատվություն ունեցող անձանց տարիքը 18-ից դարձնել 21 տարեկան։
«Այս հարցով ո՛չ իրավական, ո՛չ տնտեսական ուսումնասիրություն կառավարությունը չի տվել, այդ հարցը քննարկման առարկա կդառնա առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ», - ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ավելի լուրջ խնդիր կա խաղային ավտոմատների մասով, քանի որ 18 տարին չլրացած անձինք ևս անարգել օգտվում են դրանցից.
«Ամեն քայլափոխի դրված են վիճակախաղերի ավտոմատները, ինչպե՞ս ենք վերահսկելու, եթե մեզ համար կարևոր կենսական խնդիր չդարձնենք։ 12-13 տարեկան երեխան հազիվ ոտքի թաթերի վրա կանգնում է ու դրսում տեղադրված խաղային ապարատներով խաղադրույք է կատարում։ Գովազդում էլ աընդհատ կոնկրետ մեկ վիճակախաղ մատուցող կազմակերպություն է ներկայացվում, գովազդից էլ այդ ամենը պետք է հանվի»։
Կարեն Թամազյանն ընդգծեց, որ քաղաքում տեղադրված խաղային ապարատները կարգավորվում են Վիճակախաղերի մասին օրենքով և համապատասխան լիցենզիա ունեն, որի շրջանակում այսօր գործում են իրավական դաշտում։
«Կառավարությունը, գիտակցելով հարցի կարևորությունը և վտանգավորությունը, 2016 թվականի դեկտեմբերին ներկայացրել էր նախագիծ, որով տվյալ գործունեությունը որպես շահումով խաղ կներկայացվեր և սահմանափակ կլիներ քաղաքում օգտագործելու համար։ Նման մի նախագիծ էր ներկայացվել նաև 2017-ի մայիսին, որը դեռևս ԱԺ-ում չի լսվել։ Համապատասխան նախագիծ ընդունելուց հետո արգելքներ կլինեն», - նշեց փոխնախարարը։