16/01/2018 17:14
Երբ երկրիդ հողին կանգնած ես, որևէ Ջորջ Սորոս, ֆլան-ֆստան, ի զորու չեն կանխելու ծաղկունքդ. Շուշան Պետրոսյան (Տեսանյութ)
Ազգային ժողովում այսօր հայտարարությունների ժամին ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանն իր ելույթում քննադատեց «Ազգ բանակ»-ի գաղափարը քննադատողներին, «սորոսներին» և «եվրազիափարթնըրշիփներին»։
«Ազգ բանակը պլակատ չի, կենսակերպ է, Արցախն էլ Հայաստան է ու վերջ, ուրեմն Հայաստան-Արցախը մի զինավան է ու բոլորս այստեղ զինվոր ենք։ Մենք՝ հայերս ու բոլորը, ովքեր Հայաստանում են ապրում, զինվոր ենք։ Մենք ապրել ենք այստեղ, միշտ ենք ապրել։ Հայքը փոքրացել է, բայց կանք, նույն տեղում ենք, Արարատը վկա։ Սիրո՞ւմ ես երկիրդ, ուզում ես երկիրդ ոտքի կանգնի՞, քո ամբիցիաներից ավե՞լ, դրանից շա՞տ ես սիրում երկիրդ՝ քո հարմարավետությունից ավե՞լ, ուրեմն մի գոռա։ Այդպես չեն սիրում։
Հատկապես որ չի բացառվում որ մի քանի օրից երկրիդ հանդեպ սիրո խոստովանության գոռոցը ուրիշ բևեռից լսվի։ Հանգիստ։ Աղմկոտ սերը թիթեռի կյանք ունի ու հայն ու Հայքը անհաղորդ են նման սիրուն։ Երկիրդ սիրելը հայելու առջև մենակ գոնե ինքդ քեզ հետ ազնիվ լինելու նման է։ Նայիր աչքերիդ, տես սիրտդ, ապրածդ քննիր ու սկսիր ինքդ քեզնից։ Երբ երկրիդ հողին կանգնած ես ու զգում ես, որ իր շարունակությունն ես, որ բողբոջել ես, որևէ եվրազիափարթնըրշիփ, Ջորջ Սորոս, ֆլան-ֆստան ի զորու չեն կանխելու ծաղկունքդ։ Ուրեմն արմատդ փնտրիր, որ քայլերդ արդարացվեն», - ԱԺ ամբիոնից հայտարարեց Շուշան Պետրոսյանը։
Նկատենք, որ Շուշան Պետրոսյանը հազվադեպ կամ գրեթե ելույթ չի ունենում Ազգային ժողովում։