16/01/2018 17:41
Սպաներին բնակարան տրվում է զարտուղի ճանապարհով, քավոր-սանիկական կապերով. Փաշինյանը փոխանցեց պահեստազորայինների մտահոգությունը
Այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ մի խումբ պաշտոնաթող կամ թոշակի անցած սպաներ բարձրաձայնել են երկու տասնյակից ավելի տարի հերթագրվելու և բնակարան չստանալու խնդրի մասին:
Պատգամավորը նկատեց, որ պաշտոնաթող սպաներին մտահոգող խնդիրն այն է, որ երբ նրանք զորացրվում են, դուրս են մնում հերթացուցակից, դրա հետևանքով կորցնում են բնակարան շուտ ունենալու հույսը։
«Սա դավաճանություն է սեփական ժողովրդի նկատմամբ։ Դավաճանություն է բոլոր վաղվա սպաների նկատմամբ, որոնք հստակ գիտակցելու են, որ վաղը իրենց համար էլ բյուջեում փող չի լինելու և այդքան հանգիստ իրենց ընտանիքներով դեն են նետվելու ազգի, ժողովրդի ողնաշարը ջարդողների կողմից, նորովի հոկտեմբերիկների կողմից։ Այդ պահեստազորի սպաները չեն կարողանում իրենց ընտանիքներին, որդիներին բացատրել, թե ինչու իրենց համար այդպես էլ փող չկա բնակարանով ապահովման համար: Բնակարան տրվում է զարտուղի ճանապարհով, քավոր-սանիկական կապերով։ Իսկ այն սպաները, որոնք սպասում էին արդարության՝ հուսալով, որ իրենց հերթը կհասնի, հեռացվեցին ծառայությունից ու նաև հերթից», - ԱԺ ամբիոնից սպաների նամակից կարդաց Փաշինյանը։
Պատգամավորը նկատեց, որ Հայաստանի անվտանգությունը ոչ միայն «ութսունականների զենքն է», այլ նաև՝ զինվորականների սոցիալական վիճակի բարելավումը։