16/01/2018 11:43
Երևանում երթուղային տաքսիների վարորդները բողոքի ակցիա են անում
Թիվ 1, 37, 44, 75ա երթուղիները սպասարկող երթուղային տաքսիների վարորդները Հարավ-Արևմտյան թաղամասում բողոքի ակցիա են կազմակերպել։
Վարորդները կանգնեցրել են երթուղային տաքսիները և բողոքում են գազի գնի բարձրացման դեմ։
«Բողոքում ենք գազի թանկության դեմ, չենք կարողանում աշխատել։ Աշխատում ենք գծի տերերի համար, մեր ընտանիքներին չենք կարողանում պահել։ Արդեն մինուսով ենք աշխատում», - բողոքում են երթուղայինների վարորդները։
«Եթե նախկինում 250 ճնշում գազի համար վճարում էինք 6000, հիմա 180 ճնշում գազի համար վճարում ենք մոտ 9000 դրամ, չհաշված էն, որ պահեստամասը թանկացել ա, արհեստավորի աշխատանքը թանկացել ա։ Եթե էս ամեն ինչին էլ գումարում ենք ակտերի գումարները, անհնար ա աշխատել։ Փափուկ բարձ են դրել գլխներիս տակ, աշխատացնում են», - դժգոհեց վարորդներից մեկը։
Նրան միացավ մեկայլ վարորդ՝ կատակելով. «Էն կինոյի նման, ասում են՝ կրնաս էս սև թուղթն ուտել, ես չեմ կրնա, դուք կրնա՞ք»։
Ակցիայի մասնակիցներին է մոտեցել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։ Վարորդներին առաջարկել է շարունակել աշխատել, մինչև Ազգային ժողովում թանկացումների վերաբերյալ լսումներ անցկացվեն և բարձրացվի նաև այս հարցը։
Վարորդներն ասացին, որ օրական 15 700 դրամ «պլան» են մուծում, գծատերերը 300 դրամ զիջել են՝ հաշվի առնելով գազի գնի բարձրացումը։
«Պատրաստ ենք այսպես կանգնել այնքան, մինչև գազի գնի իջեցում չլինի», - ասում են վարորդները։
Բողոքի ակցիան շարունակվում է։