16/01/2018 11:42
ՀՀ առողջապահության նախարարությունը զբոսաշրջիկներին հորդորում է շրջագայության մեկնելուց առաջ պատվաստվել կարմրուկի դեմ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տեղեկատվության համաձայն՝ Եվրոպայում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացում։
Համաձայն promedmail.org կայքի` 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին եվրոպական երկրներում կարմրուկով հիվանդացությունն աճել է 3 անգամ՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ։
Առավել ծանր է իրավիճակը Իտալիայում, Ռումինիայում, Ուկրաինայում, Գերմանիայում։
2017 թվականի 11 ամսվա ընթացքում Ուկրաինայում գրանցվել է հիվանդության 3382 դեպք, որը 43 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի, կարմրախտի առումով իրավիճակը բարենպաստ է, տեղական դեպքեր չեն գրանցվում։ Արձանագրվում են միայն բերովի դեպքեր չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց շրջանում: Հայաստանում 2017 թվականին գրանցվել է կարմրուկի մեկ բերովի դեպք՝ Ռուսաստանից ժամանած չպատվաստված կնոջ մոտ:
ՀՀ առողջապահության նախարարությունը զբոսաշրջիկներին հորդորում է շրջագայության մեկնելուց առաջ պատվաստվել կարմրուկի դեմ։