17/01/2018 09:49
Շարմազանով. Անգամ պատերազմական գործողություններից հետո պետք է նստել և բանակցել. «Առավոտ»
«Առավոտ»-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն, անդրադառնալով հունվարի 18-ին Լեհաստանի Կրակով քաղաքում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, նշել է. «Խնդրի կարգավորման վերաբերյալ մեր և համանախագահների դիրքորոշումներում լուրջ հակասություններ չկան։ Կրկնում եմ, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես Մինսկի խմբի շրջանակում՝ երեք հայտնի սկզբունքների հիման վրա, քանի որ կարևոր է ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը»։
Հարցին՝ ինչպե՞ս պետք է դուրս գալ Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի փակուղուց՝ այն դեպքում, երբ Ադրբեջանը հրաժարվում է փոխզիջումային տարբերակից, Շարմազանովը նշել է. «Բանակցությունների այլընտրանքը վատ բան է՝ ոչ խաղաղ կարգավորումը։ Չկա առավել արդյունավետ լուծում, քան բանակցությունների ճանապարհն է։ Անգամ պատերազմական գործողություններից հետո պետք է նստել և բանակցել։ Մի խնդիր ունենք՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ։ Կարծում եմ՝ դա էլ կլինի»։