17/01/2018 18:04
Վերաբնակեցմանն ուղղվող պետական միջոցներն ավելացել են. ԱՀ պետնախարար
Շարունակվում են աշխատանքները Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղի զարգացման ուղղությամբ՝ որպես տեղական նշանակության կենտրոն և աշխատաշուկա, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը։
«Սահմանադրական փոփոխություններից հետո՝ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունն այս տարվա ընթացքում տնօրինելու է ավելի մեծ բյուջետային միջոցներ, որոնք, նախագահի հանձնարարությամբ, ուղղվելու են նաև վերաբնակեցված համայնքների զարգացմանը,- նշել է պետական նախարարը։- Իշխանաձորից զատ՝ շինարարական աշխատանքներ ենք իրականացնելու նաև Քաշաթաղի շրջանի Կովսական և Միջնավան քաղաքներում, զարգացման ծրագրեր ունենք Հադրութի շրջանի Արաքսավան և Առաջամուղ արաքսամերձ գյուղերում։ Առաջիկայում նախատեսվում է Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակարանային ֆոնդի մեծացում, ինչպես նաև՝ շրջանում նոր տնտեսական նախագծերի իրականացում մասնավոր ներդրումներով», - ներկայացրել է Արայիկ Հարությունյանը։