17/01/2018 14:34
Ալեքսանդր Արզումանյանի օգտին կայացրած ՄԻԵԴ վճիռն աննախադեպ չէր մեր երկրի համար. Գևորգ Կոստանյան
Ալեքսանդր Արզումանյանի օգտին կայացրած ՄԻԵԴ վճիռը աննախադեպ չէր մեր երկրի համար, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը:
Նրա խոսքով՝ կալանավորման պրակտիկան մեր երկրում կատարելագործման կարիք ունի և շատ ժամանակ մարդու իրավունքները խախտվում են:
«Եվրոպական դատարանը հաստատեց, որ կալանավորման ընթացքում չեն պահպանվել կոնվենցիոն և օրենքի այլ պահանջները, թե Ալեքսանդր Արզումանյանի, թե այլ դեպքերում, որովհետև չեն հիմնավորվել կալանքի արտոնությունները», - նշեց Կոստանյանը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Ալեքսանդր Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով հունվարի 11-ին կայացրած վճռով սահմանել էր, որ Հայաստանը խախտել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը երեք ամիսների ընթացքում Արզումանյանին վճարել 2500 եվրո գումար:
Արզումանյանը հայտարարել էր, որ ՄԻԵԴ վճռով փոխհատուցման գումարները ստանալուց հետո դրանք կուղղի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»: