17/01/2018 17:24
Դիզվառելիքը գյուղատնտեսության համար, հնարավոր է, սուբսիդավորվի. Վարչապետ
Կառավարությունը քննարկում է դիզվառելիքի գնի փոփոխության հետևանքով գյուղատնտեսության ոլորտում դրա սուբսիդավորման հարցը, այս մասին այսօր ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա անդրադարձավ բենզինի, գազի ու դիզելային վառելիքի թանկացումներին` ընդգծելով, որ դիզվառելիքի թանկացումը, հնարավոր է, «բեռ հանդիսանա գյուղատնտեսության համար»:
«Դիզելային վառելիքի ակցիզային հարկը մենք նվազեցրել ենք, կիրառում ենք ավելացված արժեքի հարկ: Դիզվառելիքը հիմնականում օգտագործում են բիզնեսի համար: Բիզնեսը, որն ԱԱՀ է վճարում, դիզելային վառելիքի այս նոր սակագնից շահում է: Միակ տեղը, որտեղ դիզելային վառելիքի նոր սակագինը կարող է բեռ հանդիսանալ` գյուղատնտեսությունն է: Գյուղնախարարությունը հաշվարկ է կատարել, որ եթե նույնիսկ հետագայում ակցիզային հարկի հետևանքով դիզելային վառելիքի տատանումները չլինեն, տարբեր ապրանքատեսակների գինը 1-4 դրամով ավելանալու է, որպեսզի իրենք փոխհատուցեն: Մենք քննարկում ենք տարբերակներ, որպեսզի սուբսիդավորենք` կամ մուտքի վրա, կամ մթերման ժամանակ: Տեսնենք շուկան, ինչպես է արձագանքում դրան», - ասաց Կարեն Կարապետյանը:
Անդրադառնալով բենզինի գնին նա նշեց` այն թանկացել է 20 դրամով:
«Բենզին օգտագործողն ալտերնատիվա ունի` գազ օգտագործել: Գազը թանկացել է, եթե չեմ սխալվում, 25 դրամով: Այսօր 190-220 դրամ է տարբեր տեղերում և վերականգնվել է այն գինը, որը եղել է 2015-ին: Լավ չի՞, որ գազի գինը բարձրացել է, լավ կլինե՞ր, եթե հինը մնար` այո՛, բայց 190-220 դրամը նոր պահանջ չի, նոր մարտահրավեր չի շուկայում: Շուկայում այս գներով մենք ժամանակին աշխատել ենք և էժանացրել ենք այն ժամանակ, երբ հնարավորություն ենք ունեցել», - ասաց ՀՀ վարչապետը:
Ընդահնուր առմամբ, անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ Կարեն Կարապետյանը նշեց` Հայաստանում գնաճը պաշտոնապես 2,6% է, Վրաստանում` 6,7% Ադրբեջանում` 7,9% :