17/01/2018 16:36
Ի՞նչն է պատճառը, որ Հայաստանը մշտապես տարբեր գործերով տանուլ է տալիս Եվրոպական դատարանում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը մտահոգիչ է համարում այն, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի Վճռաբեկ դատարանին չի դիտարկում որպես պաշտպանության արդյունավետ միջոց։
«Մտահոգիչ է, որ Եվրոպական դատարանը արձանագրել է, որ Վճռաբեկ դատարանը այսօրվա իրավակարգավորումներով ու գործնականում չի հանդիսանում արդյունավետ միջոց կալանավորումը որպես խափանման միջոց վիճարկելու գործերով։ Դա իրոք, մտահոգիչ է։ Դրա համար դրանից բխող օրենսդրական փոփոխություններ ենք մենք հիմա կատարում», - այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Կոստանյանը։
Որպես կատարված փոփոխություն՝ պատգամավորը մատնանշեց նոր Սահմանադրությունը, սահմանադրական օրենք համարվող Դատական օրենսգիրքը։
Հարցին, թե այդուհանդերձ ի՞նչն է պատճառը, որ Հայաստանը մշտապես տարբեր գործերով տանուլ է տալիս Եվրոպական դատարանում, Կոստանյանը պատասխանեց, որ միանշանակ հնարավոր չէ պատասխանել այդ հարցին։
«Կան խնդիրներ թե՛ օրենսդրական, թե՛ իրավակիրառ և թե՛ կոնվենցիոն դրույթները իմպլեմենտացնելու հարցում։ Դրանք կոմուլացիայի մեջ հանգեցնում են մարդու իրավունքների խախտումների։ Մեր խնդիրը պայմանավորված է նրանով, որ մենք աշխատում ենք ոչ միայն օրենսդրական բացթողումները կամ հայեցողությունները սահմանափակելու, այլև կոնկրետ գործնական միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ», - հավելեց Կոստանյանը։