17/01/2018 10:57
Պատասխանը, գուցե, կարող էր լինել մի փոքր այլ կերպ. Կորյուն Նահապետյանը՝ Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան արձագանքների մասին
Բոլոր դեպքերում պատասխանը կարող էր փոքր ինչ այլ լինել, լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի` ֆեյսբուքում զինծառայող Ալբերտ Դալլաքյանի համար դրամահավաքություն ձեռնարկելուն և քաղաքացիներին մեկնաբանություններին պատասխանելուն:
«Ես չէի ուզենա գույները խտացնել և այդ գրառման հետ կապված ծայրահեղ վիճակ ստեղծել, որովհետև հասարակության մեջ, քաղաքական համակարգում պետք է հանդուրժողականության մթնոլորտ ձևավորենք և կարողանանք փոխադարձ հարգանքի սկզբունքով շփվել քաղաքացիների հետ», - ասաց նա:
Դիտարկմանը, թե արդյոք պաշտպանության նախարարը պահպանել է քաղաքավարության նորմերը, Կորյուն Նահապետյանն ասաց. «Եղել է վիրավորական ձևակերպում, հնչել է բավական կոշտ մեկնաբանություն՝ ներկայացված այդ առաջարկի կապակցությամբ, պատասխանը, բոլոր դեպքերում, գուցե կարող էր լինել մի փոքր այլ կերպ»:
Նահապետյանը ողջունելի է համարում նախարարի՝ դրամահավաք կազմակերպվեու նախաձեռնությունը: Խոսելով Վիգեն Սարգսյանի գործունեության մասին՝ Կորյուն Նահապետյանը ասաց.
«Վերջին շրջանում մեծածավալ աշխատանք է իրականացվել, հատկապես՝ օրենսդրության վերանայման հետ կապված: Մենք ընդունել ենք նոր օրենքներ: Հիմա էլ բավականին մեծ ծավալի աշխատանքներ են ներկայացվելու` շուտով զինված ուժերի արդիականացման ծրագիր է ներկայացվելու, դրանք լրջագույն աշխատանքներ են և ուղղված են հզորացնելու մեր պաշտպանական կարողությունները, այդ իմաստով դրական պետք է գնահատեմ նախարարի գործունեությունը»: