17/01/2018 14:28
Մինչև առուն ջուր գա, գորտի աչքն էլ դուրս կգա. Ուղևորափոխադրողների միության նախագահը՝ միասնական երթուղային ցանցի մասին (Տեսանյութ)
Քաղաքապետարանը միասնական երթուղի ունենալու ծրագիր է մշակվում, բայց մինչև առուն ջուր գա, գորտի աչքն էլ դուրս կգա, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը՝ մանրամասներ ներկայացնելով նախօրեին երթուղային տաքսիների վարորդների բողոքի ակցիայից։
Մի շարք երթուղիներ սպասարկող տաքսիների վարորդները երեկ, հիշեցնենք, Հարավ-Արևմտյան թաղասում բողոքի ակցիա էին անցկացնում` դժգոհելով գազի գնի բարձրացումից։
«Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակիցների օգնությամբ նախօրեին այս հարցը հարթվեց, բայց սա հարցի լուծում չի, սա կոսմետիկ հարթեցում է», - ասաց Հրանտ Եղիազարյանը։
Նրա խոսքով՝ միայն սեպտեմբերից մինչ այսօր դիզելային վառելիքի գինը բարձրացել է 110 դրամով։
«Սեղմած գազի գինն էլ է բարձրացել։ Եթե այսպես շարունակի, քաղաքը կպարալիզացվի», - ասաց Հրանտ Եղիազարյանը։
Լուծումն, ըստ փոխադրողների միության նախագահի, հարկային բեռի իջեցումն է։
«Հաջորդ քայլն էլ կարող է լինել վառելիքի՝ ինքնարժեքով տրամադրումը։ Պահեստամասերն էլ կարող են տրամադրել մեծածախի գներով։ Սրանք լուծելի հարցեր են, որ մենք առաջարկում ենք։ Փոխադրողներն այս ազգի թշնամին չեն, այսքան տարի այս պայմաններում մարդկանց մի տեղից մյուսն են հասցրել», - նկատեց Հ. Եղիազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։