17/01/2018 10:54
Դառնալու է ոստիկանական երկիր, մարդ չի կարող արդեն ազատ արտահայտվել. Սասուն Միքայելյան
Ոստիկանությունն առաջարկում է հանցագործությունները բացահայտելիս, հասարակական կարգի պահպանումը և ճանապարհային երթևեկության անվտանգություն ապահովելիս ոստիկանության ծառայողներին տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ օգտագործել:
«Օրենքի մակարդակով կամրագրվեն դրանց օգտագործման հիմքերը, կարգը, տվյալների պահպանման ժամկետները, կապահովվի տեղեկությունների հավաքման և օգտագործման լեգիտիմությունը», - ԱԺ-ում ներկայացնելով «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը՝ ասաց հարցով հիմնական զեկուցող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:
Վերջինս ընդգծեց, որ հասարակական վայրերում անշարժ տեսախցիկների տեղադրման դեպքում կլինեն ցուցանակներ, որոնք կզգուշացնեն տեսանկարահանման մասին, իսկ շարժական տեսանկարահանում իրականացնելիս ոստիկանության ծառայողները բանավոր պետք է իրազեկեն տեսանկարահանման մասին:
Նախատեսվում է հավաքագրված տվյալները վերացնել 7 օրվա ընթացքում:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը մտահոգություն հայտնեց, որ օրենքը կարող է միջամտել մարդու անձնական կյանքին, իսկ Սասուն Միքայելյանն էլ պնդեց, որ տեսախցիկների տեղադրումը կսահամանափակի խոսքի ազատությունը:
«Դառնալու է ոստիկանական երկիր, մարդը չի կարող արդեն ազատ արտահայտվի, խնդիր ունենա ու խոսի դրա մասին, լուծի այն: Ես չեմ հասկանում, թե ոնց ա լինելու մեր երկրի ու մարդու խոսքի ազատության ապագան», - նշեց Միքայելյանը:
Վարդան Եղիազարյանն էլ հակադարձեց, որ անձի ազատ կամքի դրսևորման հետ տեսախցիկները որևէ կապ չունեն: