17/01/2018 19:53
Սպիտակ Տան բժիշկը պատմել է Թրամփի առողջական վիճակի մասին
Սպիտակ տան բժիշկ Ռոնի Ջեքսոնն ԱՄՆ-ի նախագահի բժշկական զննությունից հետո հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը գտնվում է գերազանց վիճակում և լիովին պիտանի է իր վրա դրված պարտականությունների կատարման համար, փոխանցում է «Интерфакс»-ը՝ հղում անելով The Hill-ին:
«Բոլոր տվյալները վկայում են, որ նախագահն առողջ է և այդպիսին կմնա մինչև իր ժամկետի վերջը», - հայտարարել է նա:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Թրամփին ինչպես է հաջողվում մնալ նման լավ վիճակում՝ չնայած «ֆաստֆուդով» սնվելու նրա սովորությանը և ըստ որում չզբաղվելով ֆիզիկական վարժություններով, բժիշկը պատասխանել է. «Նա անհավատալի լավ գեներ ունի»:
Բացի այդ, Ջեքսոնը հայտնել է, որ «Թրամփն օրական քնում է միայն 4 – 5 ժամ»: Բժշկի կարծիքով՝ «դա այն է, ինչ հարկավոր է նրա օրգանիզմին, և, հավանաբար, այդ պատճառով է նա այդքան հաջողակ մարդ»:
Սպիտակ տան բժիշկը պատմել է, թե նախագահը պնդել է, որ ստուգեն իր հոգեկան առողջությունը, թեև բժիշկները դրա անհրաժեշտությունը չէին տեսնում: Թրամփը հավաքել է 30 բալ կոգնիտիվ գործառութների գնահատման մոնրեալյան սանդղակի 30 բալից (այս թեստավորումը բացահայտում է Ալցհայմերի հիվանդության և դեմենցիայի այլ տեսակների ախտանիշները):