17/01/2018 17:29
Եթե կոնկրետ նշում եք Արմեն Սարգսյանի անունը, հնարավոր է, նաև այդ թեկնածությունը քննարկվի. Վահրամ Բաղդասարյան
Հանրապետականը մոտ օրերս քննարկումներ կսկսի նախագահի թեկնածուի վերաբերյալ, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող տարբեր անուններին, այդ թվում՝ նաև Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությանը՝ Վահրամ Բաղդասարյանը նշեց.
«Եթե կոնկրետ նշում եք Արմեն Սարգսյանի անունը, հնարավոր է, նաև այդ թեկնածությունը քննարկվի: Ինձ թվում է` չափորոշիչների մեջ կարելի է տեղավորել, բայց մենք դեռ անձերի չենք անդրադարձել: Մոտ օրերս քննարկումներ կկազմակերպենք անունների շուրջ։ Դրա մասին դուք կիմանաք: Այնպես չէ, որ պետք է լինի մեկ թեկնածու, և մենք մի թեկնածուի շուրջ ենք քննարկումը կկազմակերպելու»։
Բաղդասարյանն ընդգծեց, որ նախագահի թեկնածուի հարցում ընտրությունը կկանգնի այնպիսի անձնավորության վրա, որը ընդունելի կլինի նաև բոլոր քաղաքական ուժերի կողմից:
«Պետք է կարողանանք այնպիսի թեկնածուի ներկայացնել, որ քաղաքական ուժերի կողմից նույնպես ընդունելի լինի: Քննարկումների և հանդիպումների արդյունքում, երբ թեկնածուն հանդիպի նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, ինձ թվում է, որ նաև քաղաքական կոնսենսուս կլինի», - հավելեց նա։