17/01/2018 12:59
Ոստիկանության կողմից «գաղտագողի բերված օրենքը» խորհրդարանն ընդունեց. Դեմ էր միայն ընդդիմությունը
«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը ենթադրում էր տեսախցիկների տեղադրում և ոստիկանների կողմից դրանց միրջոցով նկարահանում, այսօր Ազգային ժողովում արտակարգ ռեժիմով քննարկումից հետո ընդունվեց առաջին ընթերցմամբ։
Օրինագծին կողմ քվեարկեց խորհրդարանական մեծամասնությունը՝ 57 կողմ և դեմ էր ընդդիմությունը՝ 31 դեմ։
Ոստիկանության մասին օրենքում կատարված փոփոխություններով, հիշեցնենք, ոստիկանական համակարգի ծառայողներին թույլատրվում է տեսանկարահանումներ իրականացնել։ Բացի այդ, տեխնիկական միջոցով խախտում հայտնաբերելու դեպքում, ոստիկանության ծառայողն իրավունք չի ունենա դադարեցնել տեսանկարահանումը կամ լուսանկարահանումը: Կսահմանվի նաև պարտադիր նախազգուշացման պահանջ, շարժականի դեպքում բանավոր, իսկ անշարժ սարքերի դեպքում ցուցանակներ տեղադրելու և կայքում հասցեները հրապարակելու միջոցով:
Կսահմանվեն նաև ձայնագրությունները պահպանելու ժամկետները, օգտագործելու նպատակները, կսահմանվի դրանք հրապարակելու կամ այլ նպատակով օգտագործելու արգելքը: Ի դեպ, տվյալների պահպանման ժամկետ է ընտրվել 7 օրը, որից հետո դրանք պետք է ոչնչացվեն: Միաժամանակ սահմանվում են այն դեպքերը, երբ տեսանյութերի կամ լուսանկարների ոչնչացումը կարող է տարաժամկետվել:
Այս օրինագիծը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը համարել էր «գաղտագողի բերված օրենք»։
«Այս օրենքը ամբողջությամբ միջամտություն է մարդու իրավունքներին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տասնյակ վճիռներ կան, որոնցով ճանաչվել է մարդու անձնական կյանքի, հարգանքի միջամտությունը չնախատեսված օրենքով սահմանված կարգով։ Իսկ օրենքով սահմանված կարգը Սահմանադրությամբ նախատեսված է, որ գործադիր իշխանության մարմնին չեն կարող վերապահել լիազորություն սահամնել այն, ինչ այս նախագծով տրված է։ Սա նման է մղձավանջը իրագործելուն։ Ամենուր տեսախցիկ է տեղադրված, ու մարդը անձնական կյանքի, հարգանքի իրավունք չունի», - օրինագծի մասին իր ելույթում մինչև քվեարկությունը հայտարարել էր Զեյնալյանը։