17/01/2018 17:13
Էդ որ ասում եք՝ 2.5 տոկոս գնաճ, էդ ո՞ր գինն ա չոքել մեր դռանը. Վարչապետը զարմացավ գնաճի վերաբերյալ պատգամավորների հարցերից
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ զարմացավ գնաճի վերաբերյալ պատգամավորների հարցերից։
«Էդ որ ասում եք՝ 2.5 տոկոս գնաճ։ Էդ ո՞ր գինն ա չոքել մեր դռանը», - ժպտալով հայտարարեց Կարապետյանը՝ պատասխանելով գնաճի, թանկացումների վերաբերյալ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի հարցերին։
Կառավարության ղեկավարն ասաց, որ Հայաստանն ունի արտաքին վարկերի պարտավորություններ, տնտեսությունը զարգացնելու խնդիր ու լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն։
«Մենք քննարկել ենք այն բոլոր տարբերակները, որոնք մինիմալ բեռ են ստեղծում մեր քաղաքացու բիզնեսի համար։ Եթե այստեղ չանեինք, մեկ այլ տեղ պետք է անեինք», - հայտարարեց Կարապետյանը։
Նրա խոսքով, խնդիրը առաջանալու է գյուղատնտեսության ոլորտում, որտեղ կառավարությունը մտադիր է լուծումներ տալ։
Ինչ վերաբերում է գազին, ապա վարչապետն ասաց, որ վերականգնվել է այն գինը, որին նախկինում սովոր են եղել տրանսպորտային ընկերությունները։ Իսկ բենզինի վերբերյալ կառավարության ղեկավարը նկատեց. «Բենզինն ունի այլընտրանք. չի ուզում բենզին օգտագործի, թող գազ օգտագործի»։
Պատգամավոր Արարտ Միրզոյանը սակայն չբավարարվեց պատասխանից ու թվարկեց, որ թանկացել են այնպիսի առաջնային ապրանքներ, ինչպիսին են՝ կարագը, կարտոֆիլը և այլն։
Ի պատասխան վարչապետն ասաց, որ այդ թանկացումները Հարկային օրենսգրքի հետևանքով չեն, այլ պայմանավորված են միջազգային շուկայում կատարված գործընթացներով։
«Այն, ինչ շուկայում է կատարվում, դա միջազգային շուկայի արձագանքն է։ Աշխարհում կարագի գինը թանկացել է, դրա համար էլ մեզ մոտ թանկացել է։ Հայաստանը դրա դեմ ի՞նչ պետք է անի։ Մենք պետք է տնտեսական աճ ապահովենք, որպեսզի կարողանանք կոմպենսացնել», - հայտարարեց վարչապետը։