18/01/2018 10:33
Եթե նոր նախագահը լինի մեզ հայտնի դղյակներ ունեցողներից, ապա նրան չի օգնի թեկուզ 10 լեզու իմանալը. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Գործող նախագահ Սերժ Սարգսյանը թվարկել է այն հատկությունները, որոնցով պետք է օժտված լինի հաջորդ նախագահը, որի գործառույթները ամրագրված են նոր Սահմանադրությամբ: Ինչ խոսք, Սերժ Սարգսյանի նշած չափանիշները կարևոր են՝ լեզուներ իմանալը, ճանապարհ անցնելը, Հայաստանում և Սփյուռքում հեղինակություն, միջազգային կապեր ունենալը, անկողմնակալ, ապակուսակցական լինելը (հավանաբար, դա նկատի ուներ նախագահը, երբ խոսում էր քաղաքականությամբ չզբաղվելու մասին)՝ այդ ամենն, իհարկե, էական է:
Բայց եթե ես որոշեի, թե ով պետք է զբաղեցնի նախագահի պաշտոնը նոր՝ չափազանց սահմանափակ, բայց, միևնույն է, պետության համար կարևոր գործառույթներով, ես կմտածեի ավելի շուտ մարդկային հատկանիշների մասին:
Իշխանությունը Հայաստանում սիրված չի՝ այդպես է պատմականորեն դասավորվել, իհարկե, նաև իրենց՝ իշխանությունների մեղքով: Այդպես է եղել 25 տարի, և ես խիստ կասկածում եմ, որ 10 կամ 20 տարի հետո կլինի որևէ կառավարություն, որի հասցեին Հայաստանի շարքային քաղաքացին չի ասի այն նույն բառերը, որոնք հնչում էին անցած քառորդ դարի ընթացքում:
Հիմա հնարավորություն կա ստեղծելու մի ինստիտուտ, որն այդ անեծքներից և հայհոյանքներից դուրս կլինի՝ մարդ, որին մեր քաղաքացիները սիրում և հարգում են այնպես, ինչպես վրացիներն են հարգում իրենց հոգևոր առաջնորդին, կամ անգլիացիները՝ իրենց թագուհուն: Բայց եթե նոր նախագահը լինի մեզ հայտնի «նոմենկլատուրայից»՝ «պադավատներ», «ախրանաներ», դղյակներ, բիզնեսներ և այլն, ապա նրան չի օգնի թեկուզ 10 լեզու իմանալը, միևնույն է՝ նա ընկալվելու է որպես իշխանական բուրգի մի մաս և ոչ թե որևէ լավ բանի խորհրդանիշ»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: