18/01/2018 12:56
Ամեն ինչ էլ կարող է լինել. նախարարը՝ Հյուսիս-հարավ ճանապարհի Երևան-Արտաշատ հատվածի վերին շերտի քայքայման մասին
Հյուսիս-Հարավ ճանապարհի Երևան-Արտաշատ հատվածի վերին հատվածը դեռ սպասարկման ներքո է, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ճանապարհի Երևան-Արտաշատ հատվածի վերին շերտի քայքայմանը:
«Բնական է, որ կառուցողը դա պետք է վերացնի», - ասաց նա:
Նախարարը նշեց, որ ամեն ինչ էլ կարող է լինել:
«Ընդհանուր լաբարատոր փորձարկումները եթե անցել են ժամանակին և հիմա էլ անցնում են, հնարավոր է՝ նման բաներ լինեն, բայց դա պետք է վերականգնվել», - ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է ճանապարհը կառուցող իսպանական ընկերության վերաբերյալ կոռուպցիոն հրապարակումներին, Վահան Մարտիրոսյանն ընդգծեց՝ եթե լաբորատոր փորձարկումը ցույց տա, որ վատ է արված, դա պետք է վերականգնել:
Դիտարկմանը, որ մեկ կիլոմետրի համար երկու միլիոն դոլար է ծախսվում, նորմա՞լ է այդ ճաքերը, Վահան Մարտիրոսյանը պատասանեց, որ այդ կարգի շինարարության համար երկու միլիոն դոլարը մեծ գումար չէ:
«Որակը առաջնահերթ է, դրա համար վերահսկողություն իրականացնող ընկերություն կա, որն իր կարծիքն է հայտնում, ըստ ներկայացրած փաստաթղթերի՝ թերացում չկա», - ասաց նա:
Նախարարն ասաց, որ վերականգնողական աշխատանքները արվում է շինարարական ընկերության հաշվին, քանի որ դեռ երաշխիքի մեջ է:
Լուսանկարը՝ azatutyun.am-ի