18/01/2018 18:13
Արարատի մարզում հանցագործություններն աճել են, այդ թվում՝ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված
Արարատի մարզում հանցագործությունների թիվը աճել է. 2016-ին դրանց թիվը կազմել է 1225, իսկ 2017-ին՝ 1233, այսօր փոքրաթիվ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը։
2017-ին սպանության 4 դեպք է գրանցվել, ինչը 2-ով ավելի է 2016 թվականի համեմատ։ Սպանության հոդվածով հարուցված երկու քրեական գործերից մեկը կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով, իսկ մյուսը դեռևս մնում է չբացահայտված։
Դատախազի տեղեկացմամբ՝ չբացահայտված է մնում, մասնավորապես, 2017-ի հուլիսին Արևշատ գյուղի տարածքում Արտաշատյան ջրատարից մոտ 200 մ հեռավորության վրա արական սեռի դիակի մասերի՝ ոտքերի հայտնաբերման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքները գործի լուծման համար, ըստ Արարատի մարզի դատախազի, նշանակալի չեն եղել։ Քրեական գործի հարուցումից մի քանի օր հետո հայտնի է դառնում, որ Շենգավիթում անձի՝ անհայտ կորած լինելու մասին է հայտարարվում։ Նրա ընկերը հայտարարություն է տալիս, որ ոչ սթափ վիճակում անձը ընկել է Զանգու գետը, որը միանում է Արտաշատյան ջրատարին։ Այս գործերը միացվում են, և նշանակված գենետիկական փորձաքննությունն ու այլ օպերատիվ գործողությունները դեռևս արդյունք չեն տվել, և այդ պատճառով էլ քրեական գործը մնում է դեռ լուծում չի ստացել։
2017-ին այս մարզում սպանության փորձի 1 դեպք է գրանցվել (2016-ին-1 դեպք), իսկ դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելու դեպքերը 99-ն են եղել՝ 2016-ի 90 դեպքերի համեմատ։
Նույն տարում Արարատում սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները կազմել են 13 դեպք, ինչը 2016-ին եղել է 8-ը, այս հանցագործություններից չի բացահայտվել միայն մեկը։
Մեր հարցին, թե ինչո՞ւ են ավելացել այս հանցագործությունները մարզում, ի պատասխան դատախազ Հովհաննիսյանն ասաց, թե հատուկ ուսումնասիրություն չեն կատարել։ Այս գործերից պաշտոնյան հիշեցրեց միայն Խոսրովի անտառում Չինաստանի քաղաքացուհու բռնաբարության դեպքը, որը հասարակական հնչեղություն էր ստացել։
Պետության և հանրային գույքի յուրացման դեպքերը ևս Արարատի մարզում աճել են. եթե 2016-ին դրանց թիվը կազմել է 2, ապա 2017-ին՝ 13։ Դրանցից 8-ի դեպքում, ըստ մարզի դատախազի, եղել է կոնկրետ յուրացում ու այդ գործերով անցել են մանկապարտեզների, պոլիկլինիկայի, դպրոցների տնօրեններ։
«Յուրացումները հիմնականում կատարվել են հատկապես դպրոցների տնօրենների կողմից, երբ վերջինները մանկավարժների չհաճախելու պարագայում վարձատրվել են։ Ավելին, քննության ընթացքում պարզել ենք, որ այդ մանկավարժները նույնիսկ երկրում չեն գտնվել։ Մեկ այլ դեպքում դպրոցի տնօրենը իր ազգականին էր գրանցել աշխատանքի ու ամիսներ շարունակ նրանցից մեկը նույնիսկ բացակայել էր երկրից ու վարձատրվել էր բանկային քարտի միջոցով», - ներկայացրեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ դպրոցների դեպքում տնօրենները լիակատար վերականգնել են պետությանը հասցված վնասը՝ 8 մլն 646 հազար դրամի չափով։