18/01/2018 12:36
Ցույցը «Ելք»-ին սատարելու կոչ չէ, այլ դրա արդյունքում օրենքում փոփոխություններ կատարելը. Գևորգ Գորգիսյան
Վերջին տարիներին բոլոր սոցիալական խնդիրները լուծվել են սոցիալական ընդվզման արդյունքում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
«Ցանկացած դեպքում, երբ կա հասարակական բողոք, դա անհետևանք չի մնա», - նշեց պատգամավորը՝ վկայակոչելով «100 դրամի», «Էլեկտրիկ Երևանի» և այլ նախաձեռնություններ, որոնք դրական արդյունք տվեցին:
Գորգիսյանը նշեց, որ թանկացումների մասին «Ելք»-ը նոր չէ, որ սկսել է խոսել, և այդ մասին ասվել է դեռևս կառավարության ներկայացրած բյուջեից հետո, երբ պարզ դարձավ, որ չկա ոչ մի կետ, որը կբարելավվի մարդկանց կյանքը, բացի այդ, «Ելք»-ը նաև խոսել է ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված թանկացումների մասին:
Դիտարկմանը, թե շատերը թերահավատորեն են վերաբերում՝ պնդելով, որ պետք էր պայքարել պատճառների դեմ, ոչ թե հիմա հետևանքների, Գորգիսյանը նշեց.
«Դեռ մի տարի չի անցել այն օրվանից, երբ մենք բուռն պայքարում էինք պատճառների դեմ, իշխանություններ դեմ և դա ընտրական պրոցեսն էր, ու իշխանությունը փոխելու այլ ճանապարհ, քան ընտրություններն են, մենք չենք տեսնում: Մենք այդ ճանապարհով գնացել ենք, իսկ նման խոսողները նույնիսկ ընտրության չեն գնացել ու որևէ քայլ չեն արել, բացի խոսելուց և Ֆեյսբուքում ստատուս գրելուց»:
Գորգիսյանը նշեց, որ ցույցը «Ելք»-ին սատարելու կոչ չէ, այլ դրա արդյունքում օրենքում փոփոխություններ կատարելու նպատակ է հետապնդում:
Անդրադառնալով թանկացումների վերաբերյալ ՀՀ նախագահի մոտ հրավիրված խորհրդակցության ու հունվարի 23-ին ԱԺ-ում կազմակերպվելիք լսումներին՝ Գորգիսյանը նշեց, որ դրանք պարզապես հերթական փորձերն են հասարակության աչքին թոզ փչելու և ասելու, որ իրենք ևս մտահոգ են թանկացումներով:
Հունվարի 19-ին «Ելք» դաշինքը նախաձեռնել է ցույց՝ ընդդեմ թանկացումների: Ցույցը կմեկնարկի 17:00-ին Շառլ Ազնավուրի հրապարակից: