18/01/2018 13:25
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Կրակովում սպասված է և ցանկալի. Ֆրանսիայի դեսպան
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Կրակովում սպասված է և ցանկալի, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:
«Ես ևս մեկ անգամ հնչեցնելու եմ Ֆրանսիայի որդեգրած դիրքորոշումը այս հարցի կապակցությամբ. դա մեր մտահոգությունն է այս հակամարտության տևական լինելու վերաբերյալ, ինչպես նաև մեր կոչը՝ գտնելու բանակցված որոշում: Եվ այս համատեքստում ցանկացած հանդիպում սպասված է և ցանկալի», - ասաց Ֆրանսիայի դեսպանը՝ հիշեցնելով, որ իր ստանձնած դերակատարությունը հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացումն է և ամրապնդումը քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում:
«Եվ, ինչպես գիտեք, կա մեկ այլ դեսպան, որն իր աշխատանքային ողջ ժամանակը նվիրում է այս հարցերին. խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համախագահի մասին է», - եզրափակեց դեսպանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հունվարի 18-ին Կրակովում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը։