18/01/2018 12:21
3 տարի ժամանակ ունենք մեր համալսարանների կառուցվածքները ճշտելու համար. Կրթության նախարարն արմատական փոփոխություններ է խոստանում
Գործադիր մարմնի նիստում ընդունվել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի մեջ փոփոխություն կատարելու մասին որոշումը։
«Սա տարիների աշխատանքի արդյունք է։ Այս օրենքի ընդունումից հետո մեր բարձրագույն կրթության համակարգում պետք է տեղի ունենան արմատական փոփոխություններ», - կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։
Նախարարի խոսքով՝ այսպիսով կատարվում է ԵՄ-ի հետ կրթության նախարարության պայմանավորվածությունը, այն է՝ բարձրագույն կրթության համակարգի եվրոպական տարածքում ամբողջությամբ ինտեգրման 5 պայմանից մեկը։
«Ուսանողն, ըստ էության, ստանում է շարժունակություն, ինքը պետք է կարողանա ծրագրավորել իր ուսման գործընթացը», - ասաց նախարարը՝ ընդգծելով, որ օրենքը բաց պլատֆորմ է ստեղծում և շատ ճկուն է։
Մկրտչյանն ասաց նաև՝ 3 տարի ժամանակ ունենք մեր համալսարանների կառուցվածքները ճշտելու և ուսումնական գործընթացն ամբողջությամբ նոր հիմունքներով կազմակերպելու համար։