18/01/2018 12:14
Կառավարությունը մերժեց աշխատանքային ժամերը կրճատելու՝ «Ելք»-ի առաջարկը
Կառավարությունն այսօր մերժեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի` «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց կառավարության եզրակացությունը, ըստ որի` օրենքի նախագիծը խնդրահարույց է. այն չի ծառայում հիմնավորման մեջ նշված նպատակին և առաջարկում է նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ:
Ըստ կառավարության եզրակացության՝ այսօրվա դրությամբ աշխատաժամանակի սկիզբը ժամը 9:00-ն է, իսկ ավարտը` 18:00-ն:
Հետևաբար, նախագծով առաջարկվող կարգավորումը և հիմնավորման մեջ նշված պնդումն առ այն, որ աշխատանքային օրվա ավարտը ժամը 17:00-ը սահմանելու պարագայում աշխատանքային ժամերը կկրճատվեն մեկ ժամով, վերաբերելի է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակա կազմակերպությունների, ինչպես նաև այն կազմակերպությունների աշխատողներին, որտեղ գործատուի ներքին կարգապահական կանոններով աշխատանքային օրվա ավարտը սահմանված է ժամը 18:00-ը:
«Մինչդեռ, գործատուներն ազատ լինելով սահմանելու աշխատանքային օրվա սկզբի և ավարտի ցանկացած ժամ՝ կարող են աշխատանքային օրվա սկիզբը սահմանել, օրինակ, ժամը 13:00-ն, իսկ ավարտը` ժամը 21:00-ն, արդյունքում, նախագծի ընդունման դեպքում աշխատանքային օրվա տևողությունը կկրճատվի ոչ թե մեկ, այլ՝ չորս ժամով», - ասաց նախարարը:
Նրա խոսքով, միևնույն ժամանակ, համաձայն նախագծի՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա ունեցող աշխատող ծնողներից միայն մեկն իրավունք ունի օգտվելու առաջարկվող՝ ոչ լրիվ աշխատանքային օր նախատեսելու իրավունքից:
«Այս կապակցությամբ պարզ չէ, թե ինչպես է ծնողներից մեկի գործատուն տեղեկանալու մյուս ծնողի կողմից արդեն իսկ նշված իրավունքից օգտվելու փաստի մասին», - ասաց նախարարը:
Այսպիսով, ըստ կառավարության, նախագծով առաջարկվող կարգավորմամբ աշխատանքային ժամերի կրճատումը որպես գործատուի պարտավորություն սահմանելը ոչ միայն չի համապատասխանում միջազգային դրական փորձին, այլ նաև չի լուծում երեխա խնամող ծնողների աշխատանքը երեխայի խնամքին զուգահեռ կազմակերպելու խնդիրը:
«Միաժամանակ չենք կիսում նախագծի հիմնավորման մեջ նշված այն տեսակետը, որ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխայի ծնողներից մեկի աշխատանքային օրվա ժամերի կրճատումը չի կարող բացասաբար ազդել աշխատողի աշխատանքի արդյունավետության վրա: Հակառակը, մեր գնահատմամբ, նման կոշտ կարգավորում ամրագրելը կարող է բացասաբար ազդել ինչպես աշխատանքի արդյունավետության վրա, այնպես էլ կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ գործատուները կփորձեն ազատվել նախադպրոցական տարիքի երեխա ունեցող աշխատողներից», - ասված է եզրակացության մեջ:
Նշենք, որ Լենա Նազարյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնության հիմնավորման մեջ ասված է, որ Հայաստանում համայնքների ենթակայության տակ գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատաժամերի առկա ռեժիմը բազմաթիվ դժվարություններ է ստեղծում այնտեղ հաճախող սաների ծնողների համար: Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատաժամն ավարտվում է ժամը 17:30-ին, ինչի հետևանքով երեխայի ծնողներից մեկը կամ խնամակալն առկա աշխատանքային ռեժիմի պայմաններում ստիպված է լինում լրացուցիչ դժվարություններ կրել՝ ժամանակից շուտ լքել աշխատավայրը, ինչը հարուցում է ղեկավարության դժգոհությունը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում էր փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության «Աշխատանքային օրենսգրքում», ինչը թույլ կտա ծնողներից մեկին նախադպրոցական ուսումնական հաստատություն երեխայի հաճախելու ժամանակահատվածում աշխատանքն ավարտել ամենաուշը մինչև 17:00-ն: