18/01/2018 21:34
Շարմազանովը չի բացառում, որ Գագիկ Հարությունյանը կդառնա Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարցը կքննարկի մինչև ապրիլ կամ ապրիլի սկզբին, որովհետև դա է պահանջում օրենսդրությունը, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ մինչև վարչապետի թեկնածուի հարցը քննարկելը՝ դեռ պետք է ընտրվի երկրի 4-րդ նախագահը, բարձրագույն դատական խորհրդի 5 անդամների ընտրություն պետք լինի, Դատական օրենսգրքում լուրջ փոփոխություններ են իրականացվելու, մեծ օրենսդրական աշխատանք է կատարվելու՝ ելնելով նոր Սահմանադրությունից:
Հարցին`բացառու՞մ է, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը դառնա Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, Շարմազանովը պատասխանեց. «Չեմ բացառում, չենք քննարկել։ Չեմ բացառում, որովհետև չենք քննարկել: Նա շատ լուրջ կենսագրություն ունի հենց այդ ոլորտում»: