18/01/2018 21:38
Փողոցային պայքարը ժամանակավրեպ է և արդյունավետ չէ. Շարմազանով
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ պառլամենտական համակարգում շատ կարևոր է, որ քաղաքական պայքարի միակ արդյունավետ թատերաբեմը լինի խորհրդարանը, ոչ թե փողոցը:
«Սակայն օրենքը չի սահմանափակում իրականացնել երթեր, ակցիաներ։ «Ելք»-ի իրավունքն է իրենց այդ իրավունքն օգտագործելու եղանակն ընտրելը: Փողոցային պայքարը՝ երթերն ու հանրահավաքները, ժամանակավրեպ են և արդյունավետ չեն։ Ավելի արդյունավետ է բովանդակային ու խորքային քննարկումը: Սա իմ կարծիքն է», - լրագրողների հետ զրույցում ասաց Է.Շարմազանովը՝ խոսելով «Ելք»-ի՝ հունվարի 19-ին նածանշված երթի մասին՝ ընդդեմ թանկացումների:
Շարմազանովը նշեց, որ հունվարի 23-ին էլ լինելու են խորհրդարանական լսումներ, ակնկալում են քննարկում, բացի այդ, նրա խոսքով, վարչապետն էլ երեկ շատ հստակ ու կոնկրետ մասնագիտական գնահատական է տվել:
«Բայց եթե գտնում են, որ սպառված է պառլամենտի ներսում որևէ բան քննարկելու ճանապարհը, ես այդ կարծիքին չեմ, միանգամից չէ, որ պետք է բոլոր համաձայնությունների գանք: Բայց ինձ ուրախացնում է, որ «Ելք»-ի մեր գործընկերները բացառում են իշխանափոխության այլ ճանապարհ, քան ընտրություններն են: Սա նշանակում է, որ մենք լուրջ առաջընթաց ունենք ընդդիմադիր դաշտում, և մեր գործընկերները չեն գնում ռադիկալ ճանապարհով: Անկախ նրանից, որ ունենում ենք անհամաձայնություններ, ես դրական եմ գնահատում բոլոր հարաբերությունները։ Այս պառլամենտում մենք աստիճանաբար քայլ ենք կատարում դեպի ամբողջական երկխոսության ընդդիմության և իշխանության միջև», - ընդգծեց Է. Շարմազանովը: