18/01/2018 11:36
2018-ին շինարարության ոլորտում ակնկալում ենք որոշակի աշխուժություն. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը շինարարության ոլորտում առկա վարչարարության հստակեցման վերաբերյալ հանձնարարական հնչեցրեց:
«Տարվա վերջ ոլորտում արձանագրվեց աճ և առաջիկայում ակնկալում ենք այդ տեմպերի ավելացում», - ասաց նա:
Վարչապետը հիշեցրեց, որ անցած տարի նոյեմբերին տրվել է շինարարական թույլտվությունների տրամադրման ոլորտի վերաբերյալ համապատասխան հանձնարարական:
«Միաժամանակ, իրականացված ուսումնասիրությունների և կառուցապատողների հանդիպումների հետ արդյունքում առաջացել է շինարարության ոլորտում առկա վարչարարության, իրավական ակտերով նախատեսված ընդհանուր պահանջների պարզեցման և հստակեցման անհրաժեշտություն», - ասաց նա:
Վարչապետը Տարածքաին կառավարման և զարգացման նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, մարզպետներին հանձնարարեց և Երևանի քաղաքապետին առաջարկեց մեկամսյա ժամկետում մշակել շինարարության ոլորտի ամբողջ գործընթացների հստակեցման և իրավասու մարմինների վարչարարությունների թույլտվությունների եզրակացությունների տրամադրման կարգերի պարզեցմանն ուղղված առաջարկությունների փաթեթ:
Կարեն Կարապետյանը կառավարության աշխատակզմի ղեկավարին և քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին հանձնարարեց տասնօրյա ժամկետում կառուցապատողների, ներդրողների մասնակցությամբ կազմակերպել խորհրդակցություն՝ նախապատրաստելով բոլոր շահագրգիռ կառույցներին, որպեսզի լսեն իրենց պահանջը:
«2018-ին շինարարության ոլորտում մենք ակնկալում ենք որոշակի աշխուժություն, պետք է մաքսիմալ լսել, թե ինչն է իրենց խանգարում և շատ պարզ, հստակ մեխանիզմ դնել, որը որ տարբեր մեկնաբանությունների քիչ տեղիք տա», - ասաց նա: