19/01/2018 15:53
ԱՄՆ-ի Կոնգրես օրինագիծ է մտցվել Իրանի դեմ կրկին պատժամիջոցների վերականգնման մասին
Հանրապետական 20 կոնգրեսականներից բաղկացած խումբն ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քննարկմանը օրինագիծ է ներկայացրել Իրանի դեմ պատժամիջոցների վերասահմանման պայմանների մասին, որոնք ավելի վաղ չեղարկվել էին իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրագործման շրջանակներում, ասվում է նախաձեռնության հեղինակի՝ Իլինոյսի նահանգից Կոնգրեսի ստորին պալատի անդամ Փիթեր Ռոսքամի կայքում, փոխանցում է ТАСС-ը:
Տեքստի համաձայն, պատժամիջոցները, որոնց գործողությունը կասեցվել էր 2016 թվականի հունվարին, վերստին ուժի մեջ կմտնեն, եթե Իրանը շարունակի բալիստիկ հրթիռների մշակումն ու փորձարկումը, որոնք կարող են միջուկային մարտագլխիկ կրել, կամ ենթակառուցվածք ստեղծի զինագործական ուրանի կամ պլուտոնիումի արտադրության համար:
Բացի այդ, պատժամիջոցների սահմանման պատճառ կդառնան իրանական միջուկային ու ռազմական օբյեկտներում միջազգային ստուգումների, ներառյալ չպլանավորված ստուգումների անցկացմանը խոչընդոտելը: Օրինագիծն ԱՄՆ-ի նախագահին պարտավորեցնում է յուրաքանչյուր 90 օրը մեկ Կոնգրեսին ծանուցել այն մասին, որ Թեհրանը չի ստեղծում միջուկային զենք ու հրթիռներ, նաև տեսուչներին թույլ է տալիս այցելելու իր օբյեկտներ: Եթե պետության ղեկավարը դա չանի, ԳՀՀԾ-ի շրջանակներում կասեցված պատժամիջոցների ռեժիմը վերստին գործի կդրվի: