19/01/2018 17:09
«Ելք» դաշինքը կքննարկի ՀՀԿ առաջադրած նախագահի թեկնածուի հարցը. Արամ Սարգսյան
«Ելք» դաշինքը կքննարկի ՀՀԿ առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի վերաբերյալ իր դիրքորորշումը:
«Չեմ կարող անհատի մասով տեսակետ հայտնել: «Ելք» դաշինքը երթից հետո կքննարկի այդ հարցը: Չեմ համարում, որ այսօր մեր թիվ մեկ խնդիրը նախագահի թեկնածուն է: Այսօր մեզ համար թիվ մեկ խնդիրը երթն է», - լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
Նա ընդգծեց, որ ինքն անձամբ ունի իր նախընտրելի թեկնածուն՝ Արտակ Զեյնալյանը, ով առաջադրվել է «Ելք» դաշինքի կողմից:
Դիտարկմանը, թե արդյոք պատահական է համարում, որ Հանրապետականը հենց այսօր հայտնեց նախագահի իր թեկնածուի անունը՝ հաշվի առնելով, որ այսօր «Ելք»-ը նախատեսել է ընդդեմ թանկացումների երթ, Արամ Սարգսյանը չբացառեց դա՝ նկատելով, որ Հանրապետականը նման տեղեկատվությունը հանրությանը մատուցեց՝ փորձելով երկրորդել երթի կարևորությունը:
Նշենք, որ երթը կմեկնարկի րոպեներ անց՝ Շառլ Ազնավուրի հրապարակից: