19/01/2018 12:54
Արմեն Սարգսյանը դեռ վերջնական որոշում չի կայացրել
Այսօր Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի հունվարի 18-ի նիստում կուսակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ:
Նախագահ Սարգսյանի հետ զրույցում, ՀՀ նախագահի լրատվական ծառայության փոխանցմամբ, Արմեն Սարգսյանը ասել է.
«Պարո՛ն Նախագահ,
Նախ թույլ տվեք իմ խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ և Հանրապետական կուսակցությանն այս բարձր վստահության համար: Կարծում եմ, իրոք, Հայաստանը թևակոխում է մի նոր շրջան, կարծում եմ՝ շատերի կողմից գիտակցված մեծ փոփոխությունների շրջան, դեպի ավելի ժողովրդավար երկիր՝ պառլամենտական հանրապետություն: Այդ իմաստով, իհարկե, կրկնակի մեծ պատասխանատվություն է և մեծ պատիվ ինձ համար Ձեր առաջարկությունը:
Ինչպես Դուք ասացիք, շատ կարևոր է, որ որոշում ընդունելուց առաջ ես նույնպես առիթ ունենամ հանդիպել քաղաքական տարբեր ուժերին և՛ Ազգային ժողովում, և՛ Ազգային ժողովից դուրս՝ կուսակցություններին: Շատ կուզենայի հանդիպել նաև հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական, բարեգործական կազմակերպություններին, գործարար շրջանակներին, աշխատավորական շրջանակներին: Իհարկե, անպայման կուզեի հանդիպել Արցախի Հանրապետության ղեկավարությանը, և իհարկե, հանդիպել սփյուռքահայությունը ներկայացնող կառույցներին, կազմակերպություններին կամ անհատներին և դրանից հետո իմ որոշումը կայացնել: Բոլոր դեպքերում, ինձ համար մեծ պատիվ է Ձեր առաջարկությունը, պարո՛ն Նախագահ:
Կրկին շնորհակալություն եմ հայտնում վստահության համար: Եվ եթե այս բոլոր հանդիպումներից հետո որոշումս կայացնեմ, կփորձեմ պատվով կատարել Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականությունները և արդարացնել այն վստահությունը, որ լսեցի Ձեզնից, Ձեր կուսակից ընկերների կողմից և հուսամ նաև կլսեմ մեր մյուս քաղաքացիներից և մեր հայազգի որդիներից: Շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ: Եթե թույլ տաք, ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար»: