19/01/2018 16:55
Գովասանքի խոսքերով ենք արտահայտվում Հայաստանի կառավարության հասցեին. ԵՄ դեսպան
Շատ բավարարված ենք և գովասանքի խոսքերով ենք հանդես գալիս Հայաստանի կառավարության հասցեին՝ մշակված օրենսդրության կապակցության, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կարծիք ունի Հայաստանում քաղաքական կոռուպցիայի վերաբերյալ։
«Խոսքը վերաբերում է ընտրական կոռուպցիայի՝ ձայների գնման և վարչական ռեսուրսների չարաշահման, ինչպես նաև վարչական ռեսուրսների մեխանիզմներով սպառնալիքներ օգտագործելու գործընթացների կարգավորման համար ստեղծված նոր օրենսդրական դրույթներին», - ասաց ԵՄ դեսպանը։
Նա նշեց, որ վերոնշյալ հարցի վերաբերյալ կառավարության ձեռնարկած քայլերը ցույց են տալիս, որ ՀՀ-ԵՄ երկխոսությունը շարժվում է ճիշտ ուղղությամբ.
«Քանզի վերջին ընտրություններից հետո ԵԱՀԿ-ի համակողմանի հաշվետվության մեջ նշվել է, որ բանակցվել և բանավեճեր են եղել նաև Եվրախորհրդարանում, եվրոպական հաստատություններում, ևս մեկ անգամ փաստելով, որ ՀՀ կառավարությունը առանց սպասելու հաջորդ ընտրություններին՝ նախաձեռնողականորեն անցել է խնդրի լուծմանը, ինչը ցույց է տալիս, որ երկխոսությունը կառուցողական, դրական է և ԵՄ-ն ողջունում է այս զարգացումները»։