19/01/2018 17:03
Տղաներին աղջիկ չեն տալիս, իսկ տուն ունենալու հույսը «Հայր մերն է». կյանքը՝ վթարային Լենուղիում (Տեսանյութ)
Արմավիրի մարզի Լենուղի գյուղի բնակիչների կյանքն անցնում է ահ ու դողի մեջ։
Չորրորդ կարգի վթարային շենքում ապրող բնակիչների միակ հույսը մնացել են լրագրողները. փորձում են նրանց միջոցով օգնություն խնդրել։
«Անընդհատ դիմել ենք կառավարություն, մարզպետարան, բայց ի՞նչ, ոչ մի արդյունք…», - ասում է վթարային շենքում բնակվող տիկին Թամարան։
Բնակիչներն ասում են՝ փորձել են գոնե իրենց միջոցներով կարգի բերել իրենց բնակարանային պայմանները, բայց՝ անօգուտ.
«Մի տեղին կպնում ես, էն մի տեղից ա փուլ գալիս: Բերեցինք, որ գազ քաշենք, չքաշեցին, ասացին վթարային է, այսպես մինչև երբ, էլ չենք կարող», - նշում են նրանք։
Վթարային շենքում կոմունալ ոչ մի հարմարություն չկա։
Բնակիչներն ասում են, որ շենքի մասին լսելով՝ իրենց տղաներին աղջիկ չեն տալիս։
Վթարային շենքում ապրելուց նույնիսկ մանկահասակ երեխաներն են հոգնել: Փոքրիկ Թաթուլը երազում է սիրուն տուն ունենալ, իր առանձին սենյակը, իսկ իր երազանքին հասնելու համար ամեն օր «Հայր մեր» է կարդում։
Բնակիչները վերջին անգամ են խնդրում հարցին լուծում տալ, այլապես կտրուկ քայլերի են դիմելու։