19/01/2018 16:10
Պետական ապարատի կրճատումը, ոչ լավագույն մասնագետներով համալրումը կառավարումը չի լավացնի. Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ ֆինանսների նախարարություն կատարած այցի ժամանակ հանձնարարել է ֆինանսների նախարարությանը՝ 2018 թվականի համար չափազանց կոշտ դիտարկել ծախսերը.
«2017 թ. մենք ցուցաբերել ենք կոշտություն, բայց հիմա ոլորտային հաշվետվությունները լսելիս, բոլոր այն նախարարություններում, որտեղ եղել եմ, կախված ոլորտի առանձնահատկությունից՝ մի միավորի գների նվազեցումը կազմում է 15-23 տոկոս: Մենք շատ կոշտ պետք է դրան հետևենք: Այս տարի էլ ամբողջը պետք է ձգել, որպեսզի հասկանանք՝ թամբային կետը որն է», - ՀՀ կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է վարչապետը:
Այս համատեքստում վարչապետ Կարապետյանն անդրադարձել է պետական ապարատի ծախսերի կրճատման խնդրին՝ նշելով, որ այն մեծ է, քան պետք է լինի, բայց այդ մեծությամբ հանդերձ պետական կառավարման մակարդակը լավագույնը չէ:
«Պետական ապարատի կրճատումը, ոչ լավագույն մասնագետներով համալրումը կառավարումը չի լավացնի: Լավ մասնագետներին շուկայից բերելը թանկ է, խնդիր է, որը մինչև չլուծենք, չենք ունենալու լավ կառավարում, և դրա համար մենք պետք է ունենանք ստրատեգիա: Մենք Տնտեսական զարգացման և ներդրումների ու գյուղատնտեսության նախարարությունների բազայի վրա փորձնական ծրագիր ենք անում, որի արդյունքները այս եռամսյակի վերջ կունենանք, և եթե այդ բանաձևն աշխատի, պետք է նման ձևով տարածենք մնացած նախարարությունների վրա», - նշել է վարչապետը:
Ներկայացվել են պետական պարտքի կառավարման առումով 2017 թ. իրականացված միջոցառումները, որոնք ուղղված են եղել պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկայի զարգացմանը, պարտքի մինչև մարում ժամկետի երկարացմանը, պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության համակարգի ներդրմանը, պարտքային քաղաքականության հրապարակայնության և թափանցիկության ապահովմանը և այլն: 2018 թ. նախատեսվում է իրականացնել երկրորդային շուկայի ակտիվացմանն ու զարգացմանը և ՀՀ կառավարության պարտքի կառավարման բարելավմանն ուղղված աշխատանքներ:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է առկա վարկային և դրամաշնորհային ծրագրերին և հանձնարարել ֆինանսների նախարարությանը ամբողջական փաստաթուղթ ներկայացնել բոլոր ծրագրերի վերաբերյալ.
«Մենք պետք է վստահ լինենք, որ այն հնարավոր դրամաշնորհները, որոնք մեր երկիրը կարող է ստանալ, որոշակի պարտավորություններ կատարելով և չկատարելով, մենք առավելագույնն ստանում ենք: Ես այսօր այդ ազդակն ամփոփ տեսքով չեմ տեսնում: Խնդրում եմ, որ դա ֆինանսների նախարարությունում կազմակերպվի, և 2018 թվականին մեր պլանը գծվի, որտեղ յուրաքանչյուրն իմանալու է իր անելիքը ո՞րն է, ի՞նչ բոնուս է ստանալու դրա դիմաց, և եթե չի կատարում, ի՞նչ պատասխանատվության է ենթարկվելու»:
Կարեն Կարապետյանը նաև ընդգծել է, որ որոշ ծրագրերի վերանայման անհրաժեշտություն կա «Պետք է վարկային մեր բոլոր ծրագրերը գույքագրենք, դրանց կատարողականները նայենք, և եթե հնարավորություն կա, ուսումնասիրենք վարկային պարտավորությունների վերանայման խնդիրը»: